Գալիք՝ 2026 թվականին հայ հասարակությունը, ի վերջո, պետք է անհատական ու հավաքական որոշում կայացնի. Արշակ Կարապետյան

Եղբայրներ և քույրեր, սիրելի՜ հայեր
Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։
Թող գալիք Նոր տարին Ձեզ բերի խաղաղ երկինք, ուրախություն, երջանկություն, բարեկեցություն, առողջություն, հաջողություններ աշխատանքում և ուսման մեջ, ստեղծագործական և սիրելի զբաղմունքներում։ Թող ձեր օջախներում մշտապես թևածեն հայկական ավանդույթներն ու կենցաղը, հայեցի միտքն ու հոգին, բոլոր նրանք, ում սիրում եք, միշտ լինեն Ձեր կողքին։
Երախտագիտության առանձնակի խոսքեր նրանց, ովքեր Ամանորի գիշերը պետք է կատարեն իրենց մասնագիտական ու հայրենանվեր պարտքը՝ բոլոր զինծառայողներին և իրավապահներին: Անկեղծ շնորհակալություն հիվանդներին շուրջօրյա խնամք ցուցաբերող բուժաշխատողներին, ինչպես նաև մեր հանգիստն ու հարմարավետությունը ապահովող ծառայությունների և ձեռնարկությունների աշխատակիցներին, տոնական ջերմ մթնոլորտ ստեղծող մշակութային գործիչներին:
Առանձնակի «սիրով ու ջերմությամբ» ցանկանում եմ շնորհավորել Էջմիածնի Մայր Տաճարն ու Վեհարանը գրոհող՝ հուդայի դեմքով, դավաճան եպիսկոպոսների, «պատիվ ունեմ» խոսույթի իմաստն ու արժեքն այդպես էլ չհասկացած գեներալների, կարգադրությամբ քրեական գործեր «կարող» քննիչների ու այդ «մեղադրանքները» տարբեր մակարդակների դատարաններում «պաշտպանող» դատախազների, հրաման «կատարող» ու «տուն պահող» ոստիկանների, տարբեր գույների բերետ կրող ու դիմակավորված «սպեցնազի», արտասահմանյան հատուկ ծառայությունների օգնությամբ ու ֆինանսավորմամբ, «թավշյա, ոչ բռնի հեղափոխությամբ» (իրականում գունավոր հեղաշրջմամբ կամ իշխանության սահուն փոխանցմամբ) իշխանության եկած ու այդ փաստն արցախյան ազգային-ազատագրական պայքարից առավել կարևորող իբրև կռված տղերքի, խորհրդարանում՝արդեն իրենց իսկ ներկայությամբ վարչախմբին լեգիտիմացնող, ՔՊ-ական «կառավարության» անդամներին «պարոն»-ով դիմող, լափամանից տրվող աշխատավարձից ու պարգևավճարից, արտասահմանյան ուղևորություններից հաճույքով օգտվող, այսպես կոչված, «ընդիմադիր» պատգամավորների Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Համոզված եմ, որ սրանք իրենց նկարագիրը, պարզաբանումն ու գնահատականը անպայման կստանան պատմության կողմից, արդարացիորեն արժանանալով ժողովրդի և Աստծո դատաստանին։
Սրտի խոր ցավով ու կսկիծով պետք է արձանագրել, որ 2025 թվականը Հայաստանն ամփոփում է գրեթե նույնպիսի տագնապներով ու մարտահրավերներով, որպիսիք առկա էին նախորդ տարիներին։
Գործող իշխանությունը, ցավոք, ոչ միայն ոչինչ չի անում հանրային համերաշխությունը մեծացնելու ուղղությամբ, այլև ճիշտ հակառակը՝ անում է հնարավորը՝ հասարակության պառակտվածությունը խորացնելու համար։
Գալիք՝ 2026 թվականին հայ հասարակությունը, ի վերջո, պետք է անհատական ու հավաքական որոշում կայացնի՝ թույլ տա՞լ իշխանություններին շարունակել «Հայաստան ու հայ ժողովուրդ» նախագծի ապամոնտաժումը, պետության դիմադրողականության թուլացումը մինչև անդառնալիության կետ, թե՞ առնվազն ներքին բնազդով պաշտպանել այն, ինչը վեր է բոլորիս տարանջատող ու պառակտող տարբերություններից և կոչվում է Հայաստանի Հանրապետություն։
Եղբայրներ և քույրե՜ր, սիրելի հայրենակիցնե՜ր․
Կրկին անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի առթիվ, մաղթում եմ համբերություն, խաղաղություն, հավատք ու վստահություն վաղվա օրվա նկատմամբ և թող 2026 թվականը դառնա հայ ժողովրդի հավաքական հույսի իրականացման տարի։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։