Օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը հանդես էր եկել հոդվածով, որտեղ իր մտահոգություններն ու մտորումներն էր արտահայտել Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականության, դրա հնարավոր ռիսկերի և հատկապես տնտեսական հետևանքների վերաբերյալ: Խոսքը Հայաստանի իշխանությունների`վերջերս հայտարարված որոշման մասին է, որով ազդարվեց ԵՄ-անդամակցության հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու մտադրության մասին:
Դրան հետևեց Ռուսաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների կոշտ արձագանքը, որով նրանք աներկբա հայտարարեցին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել երկու միություններում`ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, եթե Հայաստանը որոշում է միանալ ԵՄ-ին, ապա պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, կամ նրան կարող են ուղղակի դուրս անել: Արդյունքը կարող է լինել այն, որ Հայաստանը ԵՄ-ին չի անդամակցի, բայց ԵԱՏՄ-ից էլ դուրս կմնա: Ինչպես ասում են երկու նապաստակի հետևից վազող որսորդը միշտ առանց որսի է մնում:
Քանի որ Ծառուկյանն առաջարկում է որ այս թեմայով լինի բաց հանրային քննարկում, մենք էլ փորձենք ներկայացնել մեր մոտեցումները, մանավանդ որ միանշանակ համաձայն ենք նրա այն դիտարկման հետ, որ իշխանության որոշման արդյունքում “Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը”։
Ծառուկյանը թերևս բոլորից լավ ծանոթ լինելով Հայաստանի տնտեսության կառուցվածքին, խնդիրներին և մեր տնտեսական շահերին, բաց, առանց պաթոսի ներկայացնում է թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ, եթե Հայաստանը իսկապես դուրս գա ԵԱՏՄ-ից:
Հայաստանի տնտեսությունը կարելի է ասել ամբողջովին ինտեգրված է Ռուսաստանի շուկային` մեր արտահանման և ներմուծման առյուծի բաժինը հենց ռուսական շուկան է: Էներգակիրներից սկսած` գազ, բենզին դիզվառելիք, ատոմային էլեկտրոկայանի վառելիք ներմուծվում է Ռուսաստանից, Ռուսաստանից է ներմուծվում նաև մեր հիմնական պարենամթերքը` հացահատիկ, ձեթ, միս և մսամթերք, անասնապահության համար անհրաժեշտ ամբողջ կերային բազան ևս ներմուծվում է Ռուսաստանից, Ռուսաստանից է ներմուծվում շինարարության համար անհրաժեշտ երկաթն ու փայտանյութը:
Այս ցանկը կարելի է երկար շարունակել: Դրա փոխարեն Հայաստանը Ռուսաստան է արտահանում իր գյուղատնտեսական արտադրության և վերամշակող արդյունաբերության, տեքստիլի առյուծի բաժինը: Արդյոք կա համարժեք շուկա, որով մենք կարող ենք փոխարինել ռուսական շուկան, միանշանակ ոչ:
Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ եթե մենք ինտեգրվենք ԵՄ շուկային, մենք պետք է արտադրենք ԵՄ չափանիշներին համապատասխանող արտադրանք, որը մրցունակ կլինի ԵՄ շուկայում: Նման պնդումները մեղմ ասած ապուշություն են:
Հայաստանի փոքր և թույլ ընկերությունները չեն կարող մրցել տրանսնացիոնալ կորպորացիաների հետ, Հայաստանը որքան էլ ցանկանա չի կարող մրցակցել եվրոպական և ամերիկյան խոշոր ընկերությունների հետ, նման բան ասողները իրականում կապ չունեն ոչ տնտեսության և ոչ էլ տարրական բանականության հետ:
Պետական իշխանության ներկայացուցիչների խնդիրը, ոչ թե տնտեսվարողների համար հավելյալ խնդիրներ ստեղծելն է, նրանց իրենց կարծիքով իմաստուն, իսկ իրականում հիմարագույն խորհուրդեր տալն է, այլ երկրի տնտեսական շահերի սպասարկումը:
Ընդհանրապես ցանկացած երկրի արտաքին քաղաքականության նպատակը և իմաստը պետք է լինի տվյալ երկրի տնտեսական շահերի հետապնդումը, տնտեսության և տնտեսվարողների համար իրենց ապրանքներն ու ծառայությունները վաճառելու համար առավելագույն նպաստավոր պայմանների ապահովումը: Տեսեք թե ինչպես է ամերիկյան պետությունը պատերազմների, պատժամիջոցների և բացահայտ շանտաժի միջոցով շուկաներ ապահովում իր տնտեսավարողների համար, ինչպես է Չինաստանը տարբեր դաշինքների Շանհայան համագործակցություն, ԲՐԻԿՍ և այլն ապահովում դաշնակից երկրերի լոյալություն, իր տնտեսության զարգացման համար, ինչպես են եվրոպական երկրները փորձում պաշտպանել իրենց շուկան չինական աճող ազդեցությունից, Ռուսաստանում ամբողջ թափով գնում է ներմուծվող ապրանքները ներքին արտադրության ապրանքներով փոխարինելու արշավ, որի իմաստը դարձյալ սեփական տնտեսությանը շուկա ապահովելն է:
Մինչդեռ Հայաստանի իշխանությունները անում են ճիշտ հակառակը` ոչնչացնելով արդեն ստեղծվածը: Եթե հնարավոր չէ փոխել իշխանություների կողմից իրականացվող նման քաղաքականությունը, մնում է փոխել նման իշխանություններին: Այլ ընտրություն ուղղակի չկա, և դրա մասին պետք է մտածեն ոչ միայն տնտեսվարողները այլ ամբողջ հասարակությունը, որը շուտով իր վրա կզգա կործանարար քաղաքականության ազդեցությունը: