Շահումյանի դպրոցում՝ տոն էր հայրենասիրության և հիշողության․
Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայնքի Շահումյանի միջնակարգ դպրոցում Հայաստանի առաջին Հանրապետության անկախության տոնին ընդառաջ կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում։
Տոնական միջոցառմանը հրավիրված էին զինվորականներ, ովքեր դպրոցականների և ուսուցչական կազմի հետ միասին ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող Փառքի սրահում։
Միջոցառման շրջանակում զինվորականները հանդիպում ունեցան դպրոցի ավագ դասարանների աշակերտների հետ՝ վարելով հայրենասիրական դաս-զրույց։ Նրանք կարևորեցին հայրենիքի պաշտպանության գաղափարը յուրաքանչյուր հայի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու և անհատի համար՝ հատկապես այսօրինակ ժամանակներում։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին զրույցին, լսեցին, հարցեր ուղղեցին և իրենց հերթին հյուրերին ներկայացրին զինվորական և հայրենասիրական երգեր ու պարեր՝ փոխանցելով իրենց հարգանքն ու ոգեղեն պահեստը։
Միջոցառումն ամփոփվեց աշակերտական ջոկատի ցուցադրական պարապմունքով։ Երիտասարդները ցուցադրեցին իրենց հմտությունները՝ հակառակորդի հարձակման դեպքում գործելու ռազմավարություններով։
Դպրոցի զինղեկ Արման Ավանեսյանը, ով Արցախից է բռնագաղթել, առանձնահատուկ կարևորություն է տալիս դպրոցներում աշակերտների հայրենասիրական դաստիարակությանը։ Նրա համոզմամբ՝ հայրենիքի պատմության և պայքարի շարունակական հիշեցումը սերունդների մեջ ամրապնդում է ինքնության և պարտավորվածության զգացումը։
Միջոցառումն անցնում էր «Սարդարապատից մինչև Արցախ» խորագրի ներքո՝ ընդգծելով ազգային հերոսական պայքարի անբաժանելի շղթան։ Զինղեկ Արման Ավանեսյանը շեշտեց՝ «Արցախի էջը դեռ փակված չէ։ Մենք պարտավոր ենք ամեն բան անել, որպեսզի հայի բարձր ոգին և արմատների կանչը երբեք չխամրեն մեր աշակերտների սրտերում»։
Անահիտ Պետրոսյան