Մի գերդատանի պատմություն Է ներկայացնում արցախցի լրագրող Անահիտ Պետրոսյանը․
Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Խարիթ գյուղի արմատներ ունի Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, ՀՀ ՊԲ փոխգնդապետ Սամվել Հովսեփի Հովսեփյանը։
«Պապս՝ Գասպար Հովսեփի Մարտիրոսյանը ծնվել է 1903-ին՝ Խարիթում։ 1915-ին երիտթուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանության ժամանակ գաղթի ճանապարհին նրա հայրը՝ Հովսեփ Մարտիրոսի Հովսեփյանը, սպանվել է։ Նույն դաժան ճակատագրին են արժանացել նրա քույրերը՝ Ափիսակը, Սոնիկն ու Լեմսիկը։ Փոքր քույրը՝ Լուսիկը մահացել է Էջմիածնում՝ տիֆի համավարակից։ Պապս կրտսեր եղբոր Սարգսի և մոր՝ Թուրո Մարտիրոսյանի հետ բնակություն են հաստատել Էջմիածնի շրջանի Տարոնիկ (Վերին Զևա) գյուղում։ Պապս մի քանի արհեստների է տիրապետել՝ որմնադրություն, բրուտագործություն, վարսիավիրություն, դերձակություն։ Այդ տարիքում եղել է գրաճանաչ և բավականաչափ ուսյալ»։
Գյուղի առաջին երկհարկանի տունը Գասպար պապն է կառուցել՝ հիշում է Սամվել Հովսեփյանը։ Պապիից շատ բան է սովորել, ուսանելի բավական փորձ ձեռքբերել նրանից։
«Տատիկիս՝ Սուսաննայի հետ չորս զավակ են դաստիարակել։ Մինչև Մեծ հայրենականը ծնվել են հորաքույրներս, որոնց պապս կոչել է իր քույրերի անուններով։ 1940-ին ծնվել է հայրս՝ Հովսեփ Հովսեփյանը։ 1941-ին պապս մեկնել է ռազմաճակատ։ Կերչի պաշտպանական մարտերում գնդի կազմով հայտնվել է շրջափակման մեջ և գերևարվել գերմանական զորքերի կողմից։ Սինչև 1945-ը մնացել է Բուխարեստ քաղաքի համակենտրոնացման ճամբարում։ Բուխարեստի գրավումից հետո հայտնվել է ստալինյան աքսորավայրում։ Մինչև 1947 թվականը աշխատել էր Դոնբասի ածխահանքերում՝ տաժանակրության մեջ։ Ածխահանքերում ծանր աշխատանքային վնասվածք ստանալուց հետո բուժվել է ու աշխատանքի համար այլևս ոչ պիտանի ճանաչվելով՝ զորացվել»։
Գասպար պապը հրաշքով փրկվելով բազմաթիվ փորձություններից՝ տուն հասնելով տեղեկանում է, որ եղբայրը զոհվել է ռազմաճակատում։ Գյուղում կառուցած երկհարկանի տունը նվիրում է եղբոր որբերին, ինքը շարունակում ապրել Էջմիածնում։
«1948-ին փոքր հորաքույրս՝ Լուսիկը ծնվելուց հետո պապս Տարոնիկում նոր տուն է կառուցել և տեղափոխվել, իսկ Էջմիածնի բնակարանը նվիրել վարձակալին։ Պապս մի քանի օտար լեզուների էր տիրապետում՝ ռուսերենի, թուրքերենի, գերմաներենի, ռումիներենի։ Շատ աշխատասեր էր և բարեպաշտ հավատացյալ։ Տարոնիկի տարածքում գտնվող 100 հեկտարանոց հողակտորը պապիս ղեկավարությամբ է մաքրվել քարերից ու այդ տարածքը մինչև հիմա մեր գյուղացիները Գասպարի դաշտ են անվանում»։
Պարոն Հովսեփյանը պատմում է, որ Մեծամորի հնեագիտական թանգարանի տարածքում գտնվող բրոնզեդարյա սրբատեղին Գասպար պապն է հայտնաբերել երազում տեսիլքի միջոցով և կրում է «Գասպարի սուրբ» անվանումը։
«Մինչև այժմ մեր տան բակում սրբորեն պահպանվում է պապիկիս աղոթատեղին (մատուռը)։ Չնայած պապս տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, սակայն հողից չի հեռացել։ Նա շարունակում էր ապրել և շրջապատին սովորեցնել ապրել իր ծննդավայր Բիթլիսի ավանդություններով։ Պատմում էր, որ Բիթլիսում մի գեղեցիկ ավանդույթ կար՝ գյուղում ծնված ամեն մի նոր երեխայի պատվին ծիրանի ծառ էին տնկում»։
Գեղեցիկ այդ ավանդույթն ապրեցնելուն էր ուղղված Հովսեփյանների ընտանիքի կողմից Տարոնիկում կառուցված հերոսների այգին։ Սամվել Հովսեփյանի խոսքերով այգու շրջակայքի բարեկարգման աշխատանքներ դեռևս կան։
«Պապիս ծննդավայրի ավանդույթները արմատավորվել են Տարոնիկում։ Որդուս զոհվելուց հետո մեր մեջ ուժ գտանք ապրելու ու ապրեցնելու Արնոլդիս ու բազմաթիվ մեր հերոսների անունները։ Հերոսների այգում անվանական ծիրանենիներ են աճում, որոնք շուտով բերք կտան։ Հերոսների այգու հիմնադրումը, հարակից տարածքում սրբատեղիի կառուցումը մեր հոգուն սպեղանի եղավ»,- ասում է զրուցակիցս։
Արմավիրի մարզի անվանի մարդկանցից է Ս. Հովսեփյանի հայրը՝ Հովսեփ Հովսեփյանը։ Բարձրագույն ուսոումնական մի քանի հաստատություն է նա ավարտել։ Երկար տարիներ տնօրինել է Ակնալճի միջնակագ դպրոցը, ապա նշանակվել Էջմիածնի շրջժողկրթբաժնի վարիչ։
Հովսեփյանների գերդաստանը մեծ անուն ու պատիվ է թողել սերունդներին։ Հովսեփ Հովսեփյանի ու Սամվել Հովսեփյանի կյանքին ու գործունեությանը նվիրված էջեր կան Արմավիրի մարզի հայտնի մարդկանց հանրագիտարանում։
Անահիտ Պետրոսյան