«Ասկերան. հուշապատում-տարեգրություն» գիրքը՝ որպես հիշողության և պայքարի խորհրդանիշ
Արցախյան վերջին պատերազմներից ու կորուստներից հետո մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ պատմությունը պարտավոր ենք ոչ միայն հիշել, այլ գրառել, վերապրել և փոխանցել սերունդներին։ Այդ կարևոր առաքելությամբ էլ լույս է տեսել «Ասկերան. հուշապատում-տարեգրություն» գիրքը, որի վերահրատարակությունը տեղի ունեցավ այս օրերին՝ համալրված նոր էջերով, նոր ցավով, բայց նույն հավերժ կոչումով՝ չմոռանալ, չլռել և չհանձնվել։
Գիրքը մի բացառիկ վավերագրական պատմություն է՝ Ասկերանի մարդկանց, կռիվների, կորուստների և, իհարկե, խիզախության մասին։ Հեղինակը՝ Վերա Գասպարյանը, Արցախյան առաջին ազատամարտի տարիներին լինելով խոհարար՝ օրագրային գրառումներով, թղթակցություններով փաստագրել է Ասկերանի ազատագրական պայքարի պահերն ու մարդկանց ճակատագրերը։
Այս գրքի գաղափարը ծնվել էր դեռևս 2020 թվականին, երբ «Բերդ» շրջանային թերթի գլխավոր խմբագիր, երջանկահիշատակ Վալերի Պետրոսյանը խմբագրությունում ծանոթացավ Վերա Գասպարյանի հուշագրություններին։ Սակայն, ինչպես շատ այլ ծրագրեր, այդ նախաձեռնությունն էլ կիսատ մնաց 44-օրյա պատերազմի պատճառով։ Պատերազմ, որն ավերեց ոչ միայն տներ ու սահմաններ, այլև ճակատագրեր։
Ի զարմանս ցավի ու կորուստների, գրքի լույսընծայումն իրականություն դարձավ 2022 թվականին, իսկ վերահրատարակումը՝ ավելացված ցավալի էջերով լույս տեսավ Երևանում, արդեն որպես աքսորված հիշողություն։ Այն վերահրատարակվել է «Լուսարար» կրթամշակութային հասարակական կազմակերպության հովանավորությամբ։
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկան Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Բելլա Բաբայանը, գրքի խմբագիր Անահիտ Պետրոսյանը։ Նրանց բոլորի ելույթները մեկ ընդհանուր ուղերձ ունեին՝ ցավի, ափսոսանքի, բայց և հիշողությունը երբեք չկորցնելու մասին։ Հնչած յուրաքանչյուր խոսք ոգեկոչում էր ոչ միայն գրքի հերոսներին, այլ նաև ողջ ժողովրդին, որ այսօր սփռված է աշխահով մեկ։
Գիրքը յուրահատուկ հուշարձան է՝ աքսորված պատմության և ապրող հայրենասիրության միջև։ Այն խորհրդանշում է ոչ միայն մեր պայքարի ճանապարհը, այլ նաև մեր կորսված սրբությունները, որովհետև այսօր մեր հերոս տղաների գերեզմանները մնացել են բռնազավթված Արցախում։ Եվ դա ամենամեծ վերքն է, որովհետև որդեկորույս մայրերը այլևս տեղ չունեն, որտեղ կարողանան արտասվել, աղոթել, խոսել իրենց որդիների հետ։ Նրանք տառապում են ոչ միայն կորստի, այլ նաև՝ գերեզմանի բացակայության ցավից։
— Որպես խմբագիր՝ գիրքի հետ աշխատելիս գիտակցել եմ՝ մենք չենք գրում անցյալը, մենք ապրեցնում ենք այն։ Այն ունի իր կյանքը, իր ճակատագիրը, իր պայքարը, ինչպես և մեր հերոսները։ Ու քանի հերոսները մեր սրտերում են, մեր հիշողության մեջ, նրանք չեն մահանալու։ Նրանք կապրեն նաև այս գրքում։
Ցավալի պատերազմներից ու փորձություններից հետո սա եղավ իմ խոնարհման ու հիշատակի խնկարկման ձևը՝ մեր հերոսների պայծառ անուններն ու հիշատակը հավերժացնելու այս ճանապարհով,- ասում է գրքի խմբագիրը ։
Այս գիրքը պարզապես հուշեր չէ։ Սա մի ամբողջ ժողովրդի հավաքական դիմանկար է, որը հողի մեջ արմատ ունի, հիշողության մեջ՝ ճշմարտություն, և պայքարի մեջ արժանապատվություն։
Թող այն ընթերցվի աչքով, բայց զգացվի սրտով ու դառնա հավատքի գրքույկ՝ դեպի ճշմարտություն, դեպի հայրենիք, դեպի Ասկերան:
Անահիտ Պետրոսյան