Այսօր Արսեն Ալեքսանդրի Ավշարյանի երկնային ծնունդն է. Հայրենիքի նվիրյալը կդառնար 40 տարեկան
Երկրորդ տարին է, ինչ հարազատներն իրենց սիրելիի ծննդյան տարեդարձը Եռաբլուր պանթեոնում են նշում։
«Մարտական ծառայություն» և հետմահու Արիություն մեդալների արժանացած Արսեն Ավշարյանի գիտակցական կյանքը նվիրվածություն ու մաքառում էր հանուն հայրենիքի ու մեծ իդեալների։ 44-օրյա պատերազմից հետո նա համարում էր, որ յուրաքանչյուր արցախցու միտքն ու պայքարը պիտի ուղղված լինեն Արցախի ու հայրենիքի շենացմանն ու պաշտպանությանը։
Արսենի մանկության, պատանեկության և հասունության մասին անհուն թախիծով ու կարոտով է պատմում մայրը՝ Ալվինա Բալայանը։ Մանուկ հասակից է Արսենի մոտ նկատել մտավոր բարձր զարգացվածությունը, ու մանկավաժական մեծ ճանապարհ անցած ուսուցչուհին համոզված էր, որդին յուրահատուկ է։ Չէր սխալվում…
-Ճակատագրի բերումով շարժման տարիներին Բաքվում էինք բնակվում, որտեղից բարեբախտաբար հաջողվեց հայկական ջարդերից փրկվել ու հաստատվել Հայաստանում, որտեղ սակայն երկար չմնացինք։ Շուտով տեղափոխվեցինք Արցախ և բնակություն հաստատեցինք հայրենի Սարուշեն գյուղում։
Արսենը գերազանցությամբ ավարտել է տեղի միջնակարգը և ընդունվել ԱրՊՀ ռադիոֆիզիկայի բաժինը, ապա զորակոչվել ՊԲ շարքերը։ Զորացրվելուց հետո ավարտել է համալսարանը ու որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ աշխատանքի անցել Մարտունու շրջանի Սարգսաշենի միջնակարգ դպրոցում։ Աշխատանքին զուզահեռ երկրորդ բարձրագույն կրթությունն է ստացել՝ ավարտելով նույն համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բաժինը։ 2021-ից հայրենի Սարուշենի համայնքապետարանում որպես հաշվապահ էր աշխատում՝ միաժամանակ ընդգրկված լինելով գյուղի աշխարհազորայինների կազմում։
-Որդիս մեծ սեր ու խորին հարգանք ուներ զինվորական համազգեստի ու մասնագիտության նկատմամբ, սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին։ Նա ամուսնացավ իր սրտի ընտրյալի՝ Յուլյայի հետ ու կազմեցին իրենց գեղեցիկ և համերաշխ ընտանիքը։
Հետագա տարիներին Արսեն Ավշարյանն իրեն ամբողջապես նվիրեց մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը։ Փայլուն գիտելիքներով, ազնվությամբ, համեստությամբ, հայրենասիրությամբ ու մեծ նվիրվածությամբ հայրենիքին՝ նա խիստ տարբերվում էր շատ ու շատ հասակակիցներից։
— Շատ էր կարդում, նաև ինտելեկտուալ խաղերով էր տարվում։ Իսկ շախմատ խաղալը նրա տարերքն էր։ Տարբեր չափսերի շախմատի հավաքածուներ ուներ, որոնք մնացին Սարուշենում։ Այնտեղ մնացին մեր կյանքի լավագույն տարիները…
Որդիս անմնացորդ նվիրված էր Արցախին և հաճախ էր կրկնում, որ ոչ ոք չի կարող բռնանալ իր կամքի վրա և հետ պահել հանուն հայրենիքի փրկության պայքարելու,- ցավը սրտում սեղմած պատմում է երկարամյա մանկավարժը։
Այդ սերն էլ առ հայրենիք ստիպեց քառասունչորսօրյա պատերազմից հրաշքով փրկված քաջորդուն 2023-ի սեպտեմբերի 19-ին, չնայած առողջական խնդրին, առաջինների շարքում շտապել մարտական դիրքեր, ինչն ավաղ վերջին ու ճակատագրական մարտը եղավ։ Արսենն ընկավ հերոսի մահով՝ հայրենի Սարուշենի մատույցներում։ Ընկավ այն մեծ համոզմունքով, որ ապրել և զոհվել արժե հանուն վեհ գաղափարների։
-Մեր ընտանիքը ստիպված էր երկրորդ անգամ բռնել դեպի անհայտնություն տանող ճանապարհը։ Րոպեների ընթացքում դարձանք անտուն, անհայրենիք ու դատարկված՝ հոգեպես ու ֆիզիկապես։ Անդառնալի կորուստյան ցավը սղոցում էր միտք ու գիտակցություն, գլորվում էինք անդունդը։ Արսենս դեռ անելիքներ, չիրականացված երազանքներ ուներ,- դժվարությամբ արտաբերում է տիկին Բալայանը։
Կորստյան ցավից թևաթափված մոր միակ ցանկությունն աշխարհում խաղաղության հաստատումն է, որպեսզի այլևս որևէ ծնող չապրի այն անասելի ցավը, որն ապրում են իր նման հազարավոր որդեկորույս ծնողներ։
— Էլեկտրական սարքերի վերանորոգումն ու էլեկտրոմոնտաժումն Արսենի նախասիրություններից էր։ Նույնիսկ շրջափակման օրերին հովհարային անջատումների ժամանակ անընդհատ ինչ-որ նոր սարք էր պատրաստում՝ էլէներգիա ստանալու համար։
Պատերազմից առաջ ձեռքը ջարդել էր, սակայն դա հետ չպահեց նրան, ասում էր՝ կարևորը կարող եմ կրակել։ Դիրքեր իջնելիս ոգևորում — խնդրում էր ընկերներին ասելով՝ նայեք տղերք՝ զոհվել չկա։ Ցավոք, շատ զոհ տվեցինք այդ օրը, որոնց շարքում էր Արսենը։ Նա ընկավ՝ վիրավոր ընկերոջն օգնության շտապելիս,- պատմում է Ավշարյան ընտանիքի բարեկամ, Սարուշենի համայնքի ղեկավար և մարտական ընկեր Կարեն Գասպարյանը։
Խոր ցավով ու ափսոսանքով է Արսենի կորուստի մասին խոսում գործընկեր Անահիտ Ղազարյանը։ Արսենը նրա որդիների լավագույն ընկերներից էր։ Տիկին Ղազարյանի կրտսեր որդին մարտադաշտում հրաշքով փրկվելով՝ զոհ գնաց բենզինի չարաբաստիկ պայթյունին։
-Արսենը հայրենասեր, կիրթ, խելացի և պատասխանատու երիտասարդ էր։ Նրան մանկությունից եմ ճանաչում։ Չնայած մասնագիտական կրթություն չուներ հաշվապահության մեջ, սակայն կարողացել է կարճ ժամանակում ձեռք բերել այդ ոլորտում անհրաժեշտ գիտելիքներ՝ շնորհիվ իր բարձր ինտելեկտի ու ինքնուսուցման։ Նա մեծ ու զարգացած մտահորիզոն ուներ, սակայն միշտ մնացել է համեստ, անշահախնդիր, ճշտապահ ու ազնիվ։ Արսենն իրեն երբեք չէր պատկերացնում առանց Սարուշենի ու Արցախի։ Խորապես սիրել է հայրենիքն ու եղել անկեղծ հայրենասեր։ Հաճախ էր նշում, որ Արցախին վեհ գաղափարներով առաջնորդվող ղեկավարներ են պետք։ Այդպիսին են լինում իսկական հերոսները, ինչպիսին Արսենն էր։ Նա մեր հիշողություններում հավերժ կմնա որպես հայրենասիրության վառ և ընդօրինակելի կերպար։
Արսենի կինը՝ Յուլյան, աշխարհից ու սեփական ճակատագրից խռոված հույսի ոչ մի նշույլ առջևում չի տեսնում, չի էլ փնտրում։ Իր երջանկությունն Արսենը հետը տարել է՝ ասում է։
— Նրա մասին երբեք լեզուս չի պտտվի անցյալ ժամանակով խոսել, քանզի Արսենը միշտ մեզ հետ է, միշտ ներկա։ Լինել հայրենիքի պաշտպանի կին՝ մեծ պատիվ է ինձ համար, ուստի պետք է արժանի լինել այդ կոչմանը, լինել Արսենի պես ուժեղ կամքի տեր։
44-օրյա պատերազմի օրերին Արսենը դիրքերում էր։ Նա հորդորում էր բոլորիս մնալ գյուղում և թիկունք լինել մարտի դաշտում գտնվողներին՝ ով ինչով կարող է։ Ասում էր՝ կռվողի համար կարևոր է իմանալ, որ ընտանիքն իր թիկունքում է, ինչն ավելի մեծ ուժ է հաղորդում կռվողին, հակառակ դեպքում նա իրեն դավաճանված է զգում։ Երբ հոկտեմբերի 26-ին գյուղում մնացած վերջին կանանց ու երեխաների հետ ես էլ տարհանվեցի՝ ամուսինս շատ զայրացավ՝ ասելով, որ իմ հետևից չի գալու, ոնց գնացել եմ այնպես էլ հետ դառնամ։ Արսենը հայրենիքը գերադասում էր ամեն-ամեն ինչից ու նա ապացուցեց իր անդավաճան սերը։
Կենսուրախ, լավատես ու ազնիվ ամուսին էր Արսենը։ Սիրում էր երգել, ստեղծագործել։ Կնոջ անունով աքրոստիկոսներ էր հորինում, սիրելիին հաճելի ու երջանիկ պահեր պարգևում։
-Երազների չէր հավատում։ Սակայն 2023-ի սեպտեմբերյան աղետից մոտ մեկ ամիս առաջ երազ էր տեսել, թե ինչպես թշնամին գյուղի ներքևի մասով հարձակվում է Սարուշենի վրա, այսինքն երազում տեսել էր այն, ինչ իրականում եղավ հետո։ Նրա երազում հաղթանակը հայերիս կողմն էր։ Արսենն ու բոլոր այն հերոս տղաները, ովքեր տարիներ ի վեր պայքարել են Արցախը հայկական պահելու համար՝ չեն պարտվել, նրանք իրենց վերջին շունչն ու հոգին են տվել հայրենիքին,- արտասվաթոր աչքերով ասում է տիկին Ավշարյանը։
Հայաստանի մարզերից մեկում է ապաստանել Յուլյան։ Շրջապատված է ծնողների և հարազատների հոգատարությամբ ու սիրով, սակայն մտքերով այնտեղ՝ Սարուշենում է, ուր անկատար են մնացել իր և իր նման հազարավոր հայրենակիցների երազանքները։
Անահիտ Պետրոսյան