Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԱԺ պատգամավոր քայլիստ Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն անդրադառնալով Երևանի տոնածառի վրա ծախսված գումարներին հայտարարեց. “Տոնածառի վրա ծախսվող գումարը կնպաստի՝ շատ տուրիստ գա ՀՀ, 10 հազար մարդ ավել գա, 10 մլն $ կկազմի”…
Հետաքրքիր է, աղքատ Հայաստանում , որտեղ գնաճը սարսափելի մակարդակի է հասել, երկրի պետական պարտքն էլ երկրաչափական պրոգրեսիայով աճում է, թոշակները չեն բարձրացվում, արդյոք 550 միլիոն դրամ ծախսելը ճի՞շտ էր Երևանի տոնածառի և արդուզարդարանքի վրա…
Հետաքրքիր է, իսկ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Գռզոն, ինչու՞ չի ընդօրինակում ԱՄՆ ամենահարուստ ընտանիքներից մեկին՝ Ռոքֆելլերներին, ովքեր արդեն մի քանի տասնամյակ իրենց հաշվին են զարդարում աշխարհի ամենաթանկ քացաքներից մեկի՝ Նյու Յորքի տոնածառը… Հատուկ նշեմ, որ Նյու Յորքը ի վիճակի է ամեն տարի շքեղ տոնածառ տեղադրել, բայց դա անում են Ռոքֆելլերները, որպեսզի և՛ իրենք օգուտ ստանան՝ գովազդելով իրենց և իրենց բիզնես- կենտրոնը, և՛ Նյու Յորքին օգուտ բերեն՝ գրավելով հազարավոր զբոսաշրջիկների…
Հուսանք, Երևանի մասին շատ մտածող և Երևանը սիրող Գռզոյի ընտանիքը հաջորդ տարի “նախանձելով” Ռոքֆելլերների նյույորքասիրությանը մեր մայրաքաղաքի տոնածառի տեղադրումը կանեն իրենց գրպանի հաշվին…
Ի դեպ, ասեմ, որ իմ այս առաջարկը վերաբերվում է ոչ միայն Գռզոյին, այլև այլ օլիգարխներին և մեծահարուսներին ևս, ովքեր կարող են հովանավորել Գյումրիի, Վանաձորի, Կապանի, Էջմիածնի, Գորիսի, Իջևանի, Վարդենիսի և այլ բնակավայրերում տեղադրվելիք տոնածառերի ծախսերը՝ դրանով գովազդվել և թեթևացնել այդ “չնչին” ծախսերի բեռը…