Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի հաղորդմամբ՝ 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի 1033 զորամասի առաջին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները ահազանգել են ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի 14/1 հասցեում գտնվող երկաթգծի կայարանի հարևանությամբ հայտնաբերել են կնոջ դի՝ կիսանեխած վիճակում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 80-ամյա Շ․ Ա․ է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը շաբաթ օրվանից որպես անհայտ որոնվում էր հարազատների կողմից, իսկ այսօր նրա հարազատները արդեն դիմել են ոստիկանության Էրեբունու բաժին։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։