Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել՝ կից գրելով.
Ինչո՞վ են զբաղվում Telcell-ն ու Երևանի Մետրոպոլիտենը՝ գիշերային ժամերին:
Վերջերս բազմաթիվ դեպքեր եղան, երբ Երևանի մետրոպոլիտենի ԹելՍել-ի տերմինալները քաղաքացիներից ընդունում էին ուղևորափոխադրման գումարը, սակայն ուղևորատոմս չէին տրամադրում: ԹելՍել-ից պարզաբանում էին, որ տերմինալներում թուղթն է վերջացել:
Այսօր վերջապես բացահայտվեց ԹելՍել-ի տերմինալներում թղթի արագ վերջանալու գաղտնիքը:
Ուրեմն, մետրոպոլիտենի աշխատակիցները գիշերային ժամերին, օրինակ` 3:06 րոպեին, ԹելՍել-ի տերմինալներից զանգվածաբար ուղևորատոմսեր են գնում, որպեսզի հաջորդ օրվա ընթացքում դրանք վաճառեն: Այդ իսկ պատճառով ԹելՍել-ի տերմինալներում օրվա ընթացքում թուղթը վերջանում է:
Մի կողմից` մետրոպոլիտենն առերևույթ լավ գործ է անում` քաղաքացիներին զերծ է պահում ԹելՍել-ի հետ առնչվելուց:
Մյուս կողմից` անհարմարություններ է ստեղծում նույն ԹելՍել-ի և քաղաքացիների համար:
Ինչո՞ւ քաղաքացիների համար: Խնդիրն այն է, որ ուղևորատոմսը գործում է ուղիղ մեկ ամիս: Այսինքն, եթե ուղևորատոմսը գնվել է գիշերը 3:06, ապա դրա գործողության ժամկետը սկսվում է գնման օրը 3:06-ին և լրանում է մեկ ամիս անց 3:06-ին: Սակայն, մետրոպոլիտենն աշխատում է 7:00-ից մինչև 24:00-ն: Այս իմաստով, քաղաքացին կորցնում է մետրոպոլիտենից օգտվելու համար նախատեսված ժամկետի առնվազն 7 ժամ:
Ստացվում է, որ թուղթը վերջանում է, ԹելՍել-ը չի գործում, մետրոպոլիտենի աշխատակիցները գիշերները չեն քնում, քաղաքացիները տուժում են:
Փաստորեն, անհրաժեշտ է կամ ԹելՍել-ին փոխել, կամ` մետրոպոլիտենին: Կա ևս մեկ տարբերակ, այն է` քաղաքացիներին փոխել: