ՖՈՏՈ. ԱԹՍ-ներից ՌԴ օդանավակայաններից մեկում հրդեհ է բռնկվել

ՌԴ Սարատովի մարզի Էնգելս քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տեղի օդանավակայանում հրդեհ է բռնկվել, մոտակա տների բնակիչները տարհանվել են։ Այս մասին հայտնել է Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օդանավակայանի տարածքում բռնկված հրդեհի պատճառով իրականացվում է օբյեկտի մոտակայքում գտնվող այգեգործական ոչ առևտրային համայնքների տարածքում բնակվողների տարհանում», — գրել է նա Telegram-ում՝ հավելելով՝ «բոլոր օպերատիվ ծառայությունները տեղում են»։

Նահանգապետի խոսքով՝ լույս մարտի 20-ի գիշերը Սարատովի մարզի վրա տեղի ունեցած հարձակումն ամենախոշորն էր ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր։

Հաղորդվում է, որ Էնգելսի մի քանի այգեգործական ոչ առևտրային համայնքներում ավելի քան 30 առանձնատուն և ամառանոց է վնասվել ԱԹՍ-ների հարձակումներից, մի քանի բնակիչ դիմել է բժշկական օգնության։