ՖՈՏՈ․ «Կգա օրը, երբ մեր հայրենիքը կլինի ազատ ու միացյալ․ և ես կասեմ. «Որդիս, քո երազանքն իրականացավ»». Տարոնիկը ունեցավ իր հերոսի՝ Արնոլդ Հովսեփյանի անվամբ փողոց

Լույսով վերապրած հերոսություն. Տարոնիկում նշվել է Զորաց տոնը Նոյեմբերի 8-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի «Հերոսների այգին» մարդաշատ էր։ Այգին ստեղծվել է Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում անմահացած հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Արնոլդ Հովսեփյանի և հայրենիքը կյանքի գնով պաշտպանած մյուս քաջորդիների հիշատակին՝ անվանական ծառերով։ Սա ծնողների և հարազատների խոնարհումն է հանուն ազատության նահատակվածների անմար հիշատակին։

Հերոսի հիշատակը հավերժացնելու պարտքի զգացումն էր, որ մեկ տարի առաջ Տարոնիկում ուխտի ուժով կառուցվեց ու օծվեց «Զորաց» մատուռը։ Օծման արարողությունը կայացել էր Արնոլդի զոհվելու տարելիցին՝ օրը դարձնելով աղոթքի, հիշողության և հավերժացման խորհրդանիշ։

Փողոցը, որտեղ գտնվում են «Հերոսների այգին» և նորակառույց մատուռը, այսօր արդեն պաշտոնապես կրում է Արնոլդ Հովսեփյանի անունը։ Այժմ այս փողոցով անցնելը նշանակում է անցնել մեկ երիտասարդի կյանքի հետքով, որը, թեև կարճ, սակայն ապրեց պատվով, նվիրումով և անսահման սիրով հայրենիքի հանդեպ։

Հերոսների հիշատակով լուսավորված այս օրը Առատաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Սուրբ Զորաց մատուռ կատարվեց խաչերթ, որին մասնակից դարձան նաև Առատաշենի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի սաները։ Երիտասարդները Հերոսների ծառուղում ծաղիկներ խոնարհեցին իրենց ավագ ընկերոջ հուշաքարին։ Դասղեկ Տաթև Մելքոնյանը շեշտեց, որ Արնոլդի մայրը՝ բազմավաստակ մանկավարժ Անահիտ Զաքարյանը, դասավանդում է այս դասարանում, և սաները վաղուց էին ցանկացել այցելել Հերոսների այգի։ Նրանց ուխտերթը համընկավ մատուռի օծման տարելիցին, ինչը օրն ավելի խորհրդանշական դարձրեց։

Արնոլդի մայրը որդու մասին խոսում է մտերմիկ, սեղմված, բայց անսահման խոր ու անանց կարոտով։

«Մշտապես զգում եմ որդուս ներկայությունը՝ որպես լույս։ Երբ շրջվում եմ՝ լույսը բացակայում է, բայց գիտեմ՝ նա է։ Ես անունով եմ կանչում, և լինում է այնպես, որ աշխարհը մի պահ լուսավորվում է նրա շնչով։ Իմ մեծագույն ուխտը նրա վերածնունդն է, որ մեր տունը կրկին լցվի նրա ձայնով…»։

Հայրն էլ՝ Սամվել Հովսեփյանը, որդու հայրենասիրության պատգամը նյութականացրել է այգու, մատուռի տեսքով, և հիշատակի արահետի հիմնումը նրա ճանապարհն է դեպի որդու երազանքների իրականություն։

«Այսօր Սուրբ Զորաց հրեշտակապետաց տոնն է։ Այս օրն այսուհետ Տարոնիկում կդառնա ավանդույթ․ ամեն տարի այս օրը կնշվի նաև որպես մեր հերոսների հիշատակի տոն։

Մատուռի անունը պատահական չէ։ «Զորաց»-ը ներառում է երկնային զորքն ու մեր երկրի զորեղ տղաներին, ովքեր իրենց կյանքով հզորացրին Հայրենիքը։ Նրանք միացան երկնային զորքին։

Կգա օրը, երբ մեր հայրենիքը կլինի ազատ ու միացյալ։ Եվ ես կասեմ. «Որդիս, քո երազանքն իրականացավ»։

Անվանական ծառերը խնամված են, այգին՝ բարեկարգ, իսկ մուգ կարմիր վարդերը՝ միշտ ծաղկած, ինչպես Նա էր սիրում։ Այստեղ ամեն ինչ խոսում է Արնոլդի ու հերոսության մասին։

Տարոնիկի միջնակարգ դպրոցում մի դասարան ևս կրում է նրա անունը, իսկ «Անանուն բարձունքի արծիվը» գիրքը նրա կյանքի մասին հիշողություններն են՝ հարազատների, ընկերների, ծառայակիցների պատմություններով։

Համոզված ենք, որ հերոսի ծնողները և հարազատները, ինչպես նաև ամբողջ համայնքը, տարիների ընթացքում այս վայրերը կվերածեն խաղաղության, հիշողության ու հոգևոր հանգստի ճերմակ պուրակի։

Այստեղ մարդ գալիս, լսում է լռությունը։

Եվ զգում է՝ հերոսները չեն հեռացել։

Նրանք պարզապես երկնքից են պահում մեզ և Հայաստանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։