ՖՈՏՈ․ Ձեր աղոթքներում հիշեք Բաքվի բանտերում գտնվող մեր տղերքին․ ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանի և Հրազդանի «Ոսկե հասակ» ակումբի անդամների հանդիպումը

Հրազդան քաղաքի «Ոսկե հասակ» ակումբը, որի նախագահն է Էլզա Հովհանիսյանը, համախմբել է կենսագրություն ունեցող մարդկանց, ովքեր իրենց նշանակալի ավանդն են ներդրել Հրազդանի կրթական, սպորտային և մշակութային կյանքում: Այս անձինք ոչ միայն իրենց մասնագիտական ոլորտներում են փայլել, այլև միշտ արտահայտել են իրենց հստակ դիրքորոշումը հանրային կարևորության հարցերում:

Ակումբի անդամները տարբեր ձևաչափերով պարբերական հանդիպումներ են անցկացնում: Վերջին հավաքը հատկապես տպավորիչ էր անսպասելի հյուրերի շնորհիվ: Ինչպես տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը, հանդիպմանը մասնակցել է «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ, «Համահայկական ճակատ» շարժման անդամ, հասարակական ակտիվիստ Ռուզաննա Ստեփանյանը, ով եկել էր շնորհավորելու ակումբի անդամներին՝ գարնանային տոների առիթով:
Ակումբի նախագահ Էլզա Հովհանիսյանը, ներկայացնելով Ռուզաննա Ստեփանյանին՝ հատուկ ընդգծեց «Համահայկական ճակատ» շարժման կարևոր դերը գերիների և անհետ կորածների խնդիրը բարձրաձայնելու գործում: Նա նշեց, որ Շարժումը պարբերաբար իրականացնում է հանրային միջոցառումներ և ակցիաներ՝ հասարակության ուշադրությունը հրատապ այս հարցին հրավիրելու նպատակով:

Իր խոսքում Ռուզաննա Ստեփանյանը դիմեց ակումբի անդամներին՝ խնդրելով, որ նրանք իրենց մտքերում, սրտերում և աղոթքներում միշտ հիշեն գերիներին և նպաստեն նրանց վերադարձին:
Ակումբի անդամները շնորհակալություն հայտնեցին թե՛ Ռուզաննա Ստեփանյանին, թե՛ երիտասարդ Սյուզաննա Հարությունյանին՝ իրենց ներկայության, և հաճելի անակնկալի համար: