ԵԽ-ն՝ Բաքվի զինվորական դատարանում ընթացող դատավարությունների մասին

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։

Դրան մասնակցել է Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը։
Քննարկման եզրափակիչ ելույթում նա հայտարարել է, որ ԵՄ հանձնաժողովը հետևում է այս տարվա հունվարի 17-ից Բաքվի զինվորական դատարանում ընթացող դատավարություններին:

«Մենք տեղյակ ենք, որ իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնել մեղադրյալների նկատմամբ դատավարությունների արդարության և նրանց նկատմամբ վերաբերմունքի հետ կապված: Ձեզանից շատերն էլ այսօր նման մտահոգություններ հայտնեցին այստեղ:

Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ մտահոգություններին և ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է ապահովվի և հարգվի»,- շեշտել է հանձնակատարը՝ հավելելով, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը նույնպես ուշադիր հետևում է զարգացումներին և Բրյուսելի մտահոգությունները փոխանցում Ադրբեջանի իշխանություններին։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ ԵՄ-ի համագործակցությանը՝ Յորգենսենը նշել է, որ այն հիմնված է մի քանի սկզբունքի վրա, այդ թվում՝ մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը:

«ԵՄ-ն կշարունակի կոչ անել Ադրբեջանի կառավարությանը պահպանել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են պատշաճ գործընթացի և արդար դատավարության իրավունքները: Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանին կոչ անելու՝ կալանավորների համար ապահովել արժանապատիվ և անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է անհապաղ և անաչառ հետաքննվեն»,- ընդգծել է նա։

Եվրահանձնակատարի խոսքով՝ Բաքվի զինվորական դատարանի դատավարությունները շոշափում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու, խաղաղ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման շատ ավելի մեծ հարցը։

«Մենք շարունակում ենք կոչ անել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին հիմնվել իրենց ձեռքբերումների վրա և շարունակել առաջընթաց գրանցել հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհին։ Կարևոր է, որ երկու երկրների կառավարություններն էլ իրենց հասարակություններին տանեն այդ ճանապարհով:

ԵՄ-ն կշարունակի աջակցել այս գործընթացին մեր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներով։ Մենք պատրաստ ենք օգնել կողմերին իրենց երկխոսության մեջ՝ ուղղված կայուն խաղաղության հասնելուն»,- խոսքը եզրափակել է նա։