Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իսրայելի էկոնոմիկայի նախարար Նիր Բարկատի, տրանսպորտի նախարար Միրի Ռեգևի և արդարադատության նախարար Յարիվ Լևինի դստրերը հենց այս պահին ծառայում են Իսրայելի բանակում և մասնակցում են զինվորական գործողություններին Գազայում:
Պատմությունը շատ դեպքեր գիտի, երբ պետության բարձրաստիճան պաշտոնյաների քույրերն ու դստրերը ծառայել են բանակում և անմիջականորեն մասնակցել պատերազմներին: Օրինակ` Նոր Զելանդիայի վարչապետ Ֆրենսիս Բելի դուստրը` Վիոլեթ Բելը, Անգլիայի բարձրաշխարհիկ ընտանիքի` Ֆիլդինգների, իգական սեռի ներկայացուցիչները … Նրանք բոլորը գործուն մասնակցություն են ունեցել 1-ին Համաշխարհային պատերազմում: Ավելին` ըստ առայժմ չճշտված տեղեկությունների, Ուկրաինայի դեմ պատերազմում մասնացել (ում) է Պուտինի դստրերից մեկը:
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Պապիկյան Սուրենը կոչ է արել «կանանց ակտիվորեն օգտվել զինվորական ծառայության ընձեռած հնարավորություններից», այլ կերպ ասած` ծառայել բանակում:
Ճիշտ է ասում Պապիկյան Սուրենը: Եթե Նոր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների քույրերն ու դստրերը բանակ գնան, ապա մենք մեր հարևանների հետ որևէ խնդիր չենք ունենա:
Եվ, ուրեմն, սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից: Սկսեք և Աստված իրենց պահապան:




