Եվ արդյո՞ք վստահ է երկրի վարչապետը, որ խոստովանությունների բացահայտումից հետո առաջին հարվածը չի ստանա հենց իր ընտանիքը. Հայր Հովհաննես Թորգոմյան

Հայր Հովհաննես Թորգոմյանը գրում է. «ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ ԵՍ ԼՈւԾԵԼ, ԵՐԲ ԻՆՔԴ ՈւՂՆՈւԾՈւԾՈՎ ԽՆԴԻՐ ՉԼԻՆԵՍ:

Ավելի քան 20 օր երկրի վարչապետի թեթև ձեռամբ Հայաստանի օրակարգի թիվ մեկ հարցը կուսակրոնության ուխտի խախտման խնդիրն է: Իրավական, կանոնական, բարոյական որևէ հիմնավորում, որ մարդու անձնական կյանքը անձեռնամխելի է, դժբախտաբար հասանելի չի դառնում երկրի բարձրագույն իշխանավորին:

Ավելին, անձը չի կարողանում ըմբռնել, որ փողոցային բամբասանքների և հերյուրանքների տարածումը անհարիր է իր հանգամանքին, վնասակար երկրին և ուղղակի խարխլում է հասարակության հիմքերը:

Նրա բերած փաստարկը մեկն է. հոգևորականը չի կարող ունենալ «անձնական կյանք» : Նա նույնիսկ չի կարողանում ըմբռնել «անձնական կյանք» հասկացության բովանդակությունն ու տարողությունը:

Հատուկ «օժտվածների» համար ուզում եմ մեկընդմիշտ արձանագրել, որ «անձնական կյանք» հասկացությունը վերաբերում է ոչ միայն նյութական ու կենսաբանական առարկաների ու մարմինների հետ մարդու շփումին, այլ այն ամենին, ինչ մարդը տեսնում է, զգում է, որպես տեղեկություն տիրապետում է, որպես փորձառություն ապրում է:

Չի կարելի դիպչել այս ամենին և առավել ևս չի կարելի հանրայնացնել: Դա հղի է մարդկանց միջև պառակտություն և թշնամանք սերմանելու վտանգով և ի վերջո հասարակությունը բարոյալքելու վտանգով: Դրա համար է, որ եկեղեցին հոգևորականների ընդունած խոստովանությունների միջոցով հայտնի դարձած մեղքերի բացահայտումը և տարածումը խստիվ դատապարտում է, և տվյալ հոգևորականին պատժում կարգալուծությամբ:

Պատկերացնենք, որ յուրաքանչյուր հոգևորական այսօրվանից սկսի հանրայնացնել այն ամենը, ինչին տեղեկացել է խոստովանության միջոցով:

Ո՞րն է լինելու դրա բարիքը. հասարակության առողջացո՞ւմը, թե՞ քայքայումն ու կործանումը: Եվ արդյո՞ք վստահ է երկրի վարչապետը, որ խոստովանությունների բացահայտումից հետո առաջին հարվածը չի ստանա հենց իր ընտանիքը:

Հարց է առաջանում. արդյո՞ք պետք է, որ հանրայնացվի անմիջապես իր ընտանիքում տիրող բարքերն ու իրավիճակները: Ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի. «ընտանիք չկա, որ խնդիր չլինի»:

Խնդիրները պետք է լուծել սիրով և համբերատարությամբ և ամենակարևորը, խնդիրը լուծելու հավակնող անձը նախ ինքը չպիտի լինի խնդիր»:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։