Search
Close this search box.

Եթե վարորդների գործադուլին նորմալ նայենք, մի օր էր «Շտապօգնության» աշխատակիցները բողոքի ակցիա կանեն. փոխքաղաքապետ

Քաղաքապետը աշխատավարձը 150,000 դրամ բարձրացնելու խոստում չի տվել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ավտոբուսների վարորդների գործադուլին և նրանց պահանջներին:

Ինչ վերաբերում է նրանց գործադուլից 14 օր առաջ նախապես զգուշացնելուն, Գրիգորյանն ասաց. «Դա ես ինձնից նախ չեմ հորինում, 14 օրը նախատեսված է աշխատանքային օրենսգրքով, կան հաստատություններ, կազմակերպություններ, հիմնարկներ, որոնց գործադուլի համար կան առավել բարդացված կանոններ և խստացված պահանջներ՝ հաշվի առնելով իրենց աշխատանքի բնույթը։

Հիմա խոսում ենք տրանսպորտի մասին, որ մարդը չի հասնում աշխատանքի, ինչը շատ լուրջ անհարմարություն է, բայց եկեք պատկերացնենք, որ եթե մենք հանգիստ վերաբերվենք այս երևույթին, ասենք դե նորմալ է, այսպես էլ պետք է լինի, կարող է մի օր շտապօգնության աշխատակիցներն էլ դժգոհություններ ունենան և մի օր ասեն՝ դե, չեմ աշխատում:

Եթե այս դեպքում մարդն աշխատանքի հասնելու խնդիր է ունեցել, այնտեղ կարևոր է մարդու կյանքը, արժեքը: Սրա հետ կատակ չեն անում, խաղ չեն անում: Ինձ թվում է, եթե մենք ունենայինք իդեալական տրանսպորտային համակարգ, միգուցե դա կարելի էր այդ գործադուլի ժամանակ այդպես գործել, բայց մենք ունենք շարժակազմի սակավություններ»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ էր, 18 վարորդ այդ պատճառով ազատվել են աշխատանքից: