Search
Close this search box.

«Եթե Թուրքիայի ղեկավարությունը ցուցաբերի քաղաքական կամք, սահմանը կբացվի հենց վաղը»․ Ռուբեն Ռուբինյան

Հայ-թուրքական սահմանին անցած ամիս տեղի ունեցած մի քանի գերատեսչությունների հանդիպման թեման էր՝ քննարկել տեխնիկական այն պահանջները, որոնք անհրաժեշտ են լինելու Ախուրիկ-Աքյաքա երկաթգիծը վերագործարկելու համար։ Այս մասին Հանրային ռադիոյի եթերում հայտնեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքերով, վերջին անգամ ինքն ու Թուրքիայի ներկայացուցիչը հանդիպել էին կրկին սահմանին, բայց Մարգարայի հատվածում, ամռանը, և ձեռք բերած պայմանավորվածությունը հենց սրան էր վերաբերվում, որ պետք է գնահատել տեխնիկական կարիքները։
«Դավադրության տեսություն չի կարող լինել, քանի որ ես նախապես հայտարարել էի, որ նման հանդիպում լինելու է, և նաև այդ հանդիպումը լինելուց հետո էլ գաղտնիք չէր, պարզապես չկար պայմանավորվածություն հանդիպման արդյունքներով հայտարարություն տարածելու»,- ասաց Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հանդիպման կայանալու մասին չի հայտարարվել։
«Ես չեմ տեսնում պատճառ, թե ինչու Թուրքիան չպիտի բացի Հայաստանի հետ սահմանը և չպիտի կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, մենք կարծում ենք, որ դա բխում է թե՛ Հայաստանի շահերից, թե՛ Թուրքիայի շահերից, թե՛ տարածաշրջանի մյուս երկրների շահերից»,- ասաց ԱԺ փոխխոսնակը և շեշտեց, որ «եթե Թուրքիայի ղեկավարությունը ցուցաբերի քաղաքական կամք, այդ սահմանը կբացվի հենց վաղը»։