«Այն հանցագործությունները, որոնք մնում են անպատիժ, ծնում են նոր հանցագործություններ»,- ԱԺ-ում դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մեջբերով խոշտանգման, գողության բազմաթիվ փաստեր, որոնց մասով ոչ ոք, ըստ պատգամավորի, պատասխանատվության չի ենթարկվել․ «Ծամում, դնում ենք բերաններդ, գործը տեղից չի շարժվում»,- ասաց պատգամավորը։
«Դրա համար է, որ հանցագործությունների թիվը շեշտակի աճել է»,- ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ մարդիկ այլևս անիմաստ են համարում դիմել իրավապահներին՝ իմանալով, որ գործը տեղից չի շարժվելու։ «Կրիմինալը վխտում է, ամեն մի բակում ռազբորկաները վերջանում են դանակահարությամբ, թմրամիջոցների շրջանառությունը հասել է աներևակայելի աստիճանի, ՀՀ են ներմուծվում ահռելի քանակությամբ թմրանյութեր, որոնք հայտնվում են կրթական հաստատություններում։ Եվ սա չի արժանանում պատշաճ գնահատականի, բա էլ ձեր գործը ո՞րն է։ Ձեր գործը այն է, որ մի քանի ընդդիմադիր ճարեք, քրեական գործեր վրան կարեք, ասեք՝ մենք գործ ենք անում»,- ասաց Գառնիկ Դանիելյանը: Իր ելույթին միջամտող ՔՊ-ականներին դիմելով՝ ասաց․ «Եթե որևէ մեկն ի վիճակի չէ իմ ելույթը լսել, կարող է դուրս գա դահլիճից, ես որևէ մեկին չեմ խնդրում ստեղ նստի ու իմ ելույթները լսի»։