Պարը ինձ համար կենսակերպ է, օդ ու ջուր․ պարուսույց Ինեսսա Բադալյանը՝ պարել է երեք տարեկանից

«Անի Արմ» պարի թատրոնի պարուսույց, «Golds Gym»-ի պարուսույց, Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի մրցավար, մանկավարժ և պարուսույց Ինեսսա Բադալյանը  չի թաքցնում, որ առանց պարի կյանքն անգույն է, և ինչպես ինքն է ասում՝ պարը   իր կենսակերպն է՝ օդն ու ջուրը, լավագույն հակադեպրեսանտը, լավագույն մոտիվացիան այս կյանքն ապրելու համար։

Ներկայացնում ենք armlife.am կայքի հետ հարցազրույցն ամբողջությամբ․

-Հարգելի Ինեսսա, ինչպե՞ս է  և երբ որոշեցիք պարել․

-Պարել սկսել եմ երեք տարեկանից։ Իրականում, միգուցե շատ զարմանալի թվա շատերի համար, բայց այո՛, երեք տարեկանից սիրահարվել եմ ու մինչ օրս, մեկ օր չի եղել, որ պարի՝ ինձ համար ֆավորիտ հանդիսացող աշխարհում չլինեմ։

-Ի՞նչ է պարը Ձեզ համար։

-Ամեն ինչ։ Թերևս կդժվարանամ այս պահին ինչ-որ մի բառ գտնել, որը կկարողանա առավելագույնս ընդգծել՝ ինչ է պարը ինձ համար, բայց կարող եմ ասել, որ այն իմ կենսակերպն է՝ օդն ու ջուրը, լավագույն հակադեպրեսանտը, լավագույն մոտիվացիան այս կյանքն ապրելու համար։

-Կպատմե՞ք Ձեր անցած մասնագիտական ուղու մասին։

-Նախևառաջ, պետք է շնորհակալություն հայտնեմ մայրիկիս՝ պարարվեստի հեքիաթային աշխարհ մուտք գործելու հարցում գլխավոր դերակատարում ունենալու համար։ Իբրև ծնող, ինքն է եղել պարարվեստի ոլորտում իմ զարգացման ու առաջխաղացման մոտիվացիոն գործոնը։ Հիշում եմ հենց այդ առաջին օրը, երբ մտա պարային դահլիճ ու տեսա մեծ, գեղեցիկ զույգեր, ովքեր միասին պարում են, և ոգեշնչվեցի այդ տեսարանով։ Իմ ապագա պարուսույցը հարց տվեց. «Կուզե՞ս պարել»։ Ասացի. «Այո, իհարկե, եթե այդ կոշիկներից տաք, հենց այս պահին էլ կհագնեմ, կպարեմ»։

-Իսկ դու քանի՞ տարեկան էիր այդ ժամանակ։

-Ընդամենը՝ երեք տարեկան։ Ինձ գրավեց այդ պարային կոշիկները։ Դրանք կարծես հայտնի Մոխրոտի հեքիաթի կոշիկները լինեին, և ես այնքան շատ էի սիրում դրանք, որ քնում էի դրանց հետ։ Պատկերացրեք՝ իմ կոշիկները գրկում ու քնում էի։ Այսպես սիրահարվեցի պարին, այդ կախարդական աշխարհին։ Նշեմ, որ այդ աշխարհը բոլորի համար է կախարդական, որովհետև վստահ կարող եմ ասել, որ ցանկացած անձ, ով մեկ անգամ մուտք գործի դեպի այդ հրաշալի աշխարհ, կսիրահարվի նրան։ Այսպես սկսվեց իմ մուտքը պարարվեստ։ Առաջին անգամ մրցույթի մասնակցել եմ պարընկեոջ հետ և պարարվեստում իմ ուղին հաղթանակով եմ մեկնարկել չորս տարեկանում ու գրավել «Առաջին պատվավոր հորիզոնական»-ը և «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը, որը ինձ շատ մոտիվացրեց։ Այս թռիչքային հաջողությունների հարցում որոշիչ դեր են ունեցել իմ պարուսույցն ու, իհարկե, մայրս, որոնք իմ ոգեշնչման աղբյուրն էին։

-Հարգելի Ինեսսա, պարային ո՞ր ոճն է Ձեզ հոգեհարազատ։

-Աշխատանքի բերումով տարիների ընթացքում առնչվել եմ և ներկայումս էլ պարում եմ տարբեր ազգերի պարեր, դասական պար, ժամանակակից պարերի տարբեր ուղղություններ, բայց, ինձ պրոֆեսիոնալ եմ համարում պարահանդեսային և սպորտային պարերի մեջ։ Սիրում եմ պարային բոլոր ոճերը, բայց ինձ համար պարահանդեսային սպորտային պարերը ուրիշ աշխարհ են ինձ տանում, ես այլ կերպ եմ այն ընկալում։ Այն ինձ համար պարարվեստ մուտք գործելու այցեքարտն է։

— Խոսենք մասնագիտական կրթության մասին։ Որտե՞ղ եք ստացել համապատասխան կրթություն և, որպես մասնագետ, որտեղի՞ց եք սկսել Ձեր աշխատանքային գործունեությունը։

-Երկար ժամանակ իբրև գործող պարուհի, եղել եմ Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայում, այնտեղ ունեցել եմ բազմաթիվ նվաճումներ, եղել եմ Հայաստանի հնգակի չեմպիոն, որից հետո ընդունվել եմ Երևանի Թատրոնի եւ Կինոյի պետական ինստիտուտ, գերազանցությամբ ավարտել եմ այն, իբրև երաժշտական թատրոնի դերասան։ Ինչու՞ ընտրեցի այդ մասնագիտությունն առաջին ուղղությամբ․ ընտրեցի, որովհետև բեմն իմ տարերքն է, չեմ կարող պատկերացնել իմ կյանքն առանց առանց բեմի ու հանդիսատեսի։ Երկրորդ հիմնավորումն այն է, որ ես ունեի բավական լավ տվյալներ արտիստիզմի, երաժշտական ընկալման յուրահատուկ մոտեցումներ։ Դրանից հետո ընդունվեցի Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրա՝ «Պարարվեստի մանկավարժություն» որակավորմամբ։ Այնուհետև առաջարկ ստացա՝ դասախոսելու Մանկավարժական համալսարանում և Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում։ Հարկ է նշել, որ ակադեմիական միջավայրին զուգահեռ իմ մասնագիտական գործունեությունը ծավալել եմ նաև գործնական ձևաչափով՝ աշխատելով պարի ստուդիաներում՝ չկորցնելով իմ կապը բեմական աշխարհի հետ։

— Խոսենք պարի, կրթական, ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած հաջողությունների ու ձեռքբերումների մասին։

— Ես Հայաստանի հնգակի չեմպիոն եմ պարահանդեսային սպորտային պարերում։ Դա իսկապես բավականին մեծ հաղթանակ է ինձ համար և, կարծում եմ, յուրաքանչյուր պարողի կյանքում, որովհետև տեսնում ես քո տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքը։ Դրանից հետո հեշտ չէ դառնալ նաև որակավորված մասնագետ-մրցավար՝ Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայում։ Այստեղ ես հանդիսանում եմ երկրորդ կարգի մրցավար։ Աշխատել եմ իրենց ոլորտում կայացած անվանի բալետմաստերների հետ, որը նույնպես մեծ հաղթանակ կարելի է համարել։

— Խոսենք Ձեր աշխատանքային գործունեության մասին, որպես պարուսույց։ Ի՞նչ ձեռքբերումներ ունեք, որոնք կառանձնացնեիք։

— Շատ հաճելի հարց եք բարձրացնում։ Երբ ես հետահայաց մտածումներ եմ ունենում, հիշում եմ, որ ընդամենը 16 տարեկան էի, երբ ընդունվեցի աշխատանքի Խարակտեր պարային ստուդիայում։ Դա ինձ համար միաժամանակ և՛շատ պատասխանատու և՛ պատվաբեր և՛ մոտիվացնող քայլ էր այն իմաստով, որ իմ տարիքային գործոնը խոչընդոտ չհանդիսացավ այդ առաջարկն ընդունելու համար։ Հարկ է ընդգծել, որ մեկ բան է, երբ դու գործող պարուհի ու սպորտսմեն ես, դու կարող ես հանդիսատեսի դատին հանձնել քո հնարավորությունները, բայց մեկ այլ բան է դասավանդելը, և դա ամեն մեկին տրված չէ։ Շատ մարդիկ կան, որ շատ լավ պարողներ են, բայց չեն կարողանում դասավանդել և ճիշտ հակառակը՝ հնարավորություն տալ 16 տարեկան աղջնակի՝ աշխատել սաների հետ, կարևորագույն արձանագրում է։ Դա ինձ համար շատ պատասխանատու քայլ էր։ Նա ինձ վստահեց, ընդ որում, իր վստահությունն իմ հանդեպ պսակվեց հաջողությամբ։

— Իսկ այդ սաները քանի՞ տարեկան էին։

— Երեք տարեկանից սկսած ունեի փոքրիկ բալիկներ, որոնց շատ սիրում էի։ Պետք է նշեմ, որ իմ հաջողության գրավականը հենց այդ սերն է, որը կա իմ սաների հանդեպ։ Ամենամեծ բանը սերն է ինձ համար և, եթե դու մի բանի մեջ սեր ես ներդնում, անհնար է, որ հաջողության չհասնես։ Իմ հաջողության գրավականը, այո՛, սերն է իմ աշխատանքի, երեխաների հանդեպ։ Ես ոչ թե իրենց ուղղակի դասավանդում էի, այլ իմ ողջ մանկավարժական կարիերայի ընթացքում թե՛ ուսանողների հետ խոսելիս, թե՛ արդեն նոր աշակերտներ կրթելու սկզբնական փուլում, ասել և ասում եմ,որ շատ կարևոր է պարուսույցի ունակությունը՝ պարի հանդեպ երեխայի մեջ սեր սերմանելու։ Ինձ մոտ դա հիանալի է ստացվում․ ես սաներիս եմ շատ սիրում, իրենք էլ` ինձ։

-Քանի՞ տարվա դասավանդման փորձ ունեք, եթե հաշվի առնենք, որ աշխատել եք 16 տարեկանից։

— Ես ասացի, որ ընդունվել եմ աշխատանքի Աննա Ռաշիդովնայի Խարակտեր պարային ստուդիայում, բայց նախքան դա, պետք է նշեմ Արա Մխոյանի անունը, որն առանցքային դեր է ունեցել իմ մասնագիտական աճի ու կայացման գործում։ Նա է եղել իմ առաջին ուսուցիչը։ Արա Գուրգենովիչն այն մարդը չէ, ով ինձ սովորեցրել է լավ պարել, նա ինձ սովորեցրել է «ապրել» աշխարհի ամենագեշեցիկ և էսթետիկ արվեստի միջոցով։ Մեր կյանքը լի է ամենահրաշալի րոպեներով, բայց նաև ցավոտ էջերով… Այդ ցավերը ջերմությամբ, սիրով, ուժով, վստահությամբ ու գեղեցիկով լցնելը ամեն մարդու տրված չի։ Ինձ բախտ է վիճակվել այդ ուժով ու կարողությամբ օժտված մարդու սանը լինել։ Հավատացեք դա անբացատրելի երջանկություն է։ Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էր նա իր դասի ընթացքում ինձ ուղղորդում, թե ինչպես պետք է դասավանդել։ Հավանաբար 13-14 տարեկան էի, երբ ինքս դեռ պարող էի, բայց օգնում էի իմ պարուսույցին՝ սաներին ուղղորդել։ Ինչ վերաբերում է սերունդների կրթմանն ու նրանց՝ պարարվեստում ուղի հարթելուն ուղղված իմ աշխատանքներին, ապա պետք է վստահաբար նշեմ «Անի Արմ» պարի թատրոնի անունը, որտեղ սկսած իմ աշխատանքները նույնիսկ մեկնարկային փուլում հաջողությամբ պսակվեցին։ Երբ այնտեղ սկսեցի աշխատել, իմ սաները դեռևս նոր, չձևավորված պարուհիներ էին, ովքեր չէին կողմնորոշվել պարային ոճի ընտրության հարցում։ Եվ ունեցել եմ սաներ, որոնց հետ զրոյից աշխատեցինք, ու հիմա նրանք տարբեր տարիներին, տարբեր սպորտային պարերում մրցույթներով հանդես եկան։ Սպորտային պարը թերևս միակ բանն է, որ շատ օրգանիկ է․ և՛ մաքուր սպորտ է, և՛ արվեստ է։ Դա աշխարհի ամենագեղեցիկ, միաժամանակ, խորհրդավոր, հետաքրքիր սպորտաձևն է։ «Անի Արմի» թատրոնի և «Գոլդ Ջիմի» իմ երեխաներն են, որ ընտրեցին սպորտային պարերը ու մինչ օրս շարունակում են ունենալ իրենց հաղթանակները աշխարհի տարբեր բեմերում։

-Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում իրականացնելու համար, ինչպիսի՞ նպատակներ կան Ձեր առջև դրված։

— Նպատակների մասին խոսելիս հատկապես կառանձնացնեմ այն, որն ինձ համար առաջնահերթություն է այս պահին։ Դա Հայաստանում սպորտային պարարվեստի զարգացման իմ տեսլականն է։ Իհարկե, մենք մեր թիմով աշխատում ենք այդ ուղղությամբ, իմ ընկերների, մեր ֆեդերացիայի գործընկերների հետ միասին։ Պարզապես Հայաստանում այս հարցում մոտեցումը մի փոքր այլ է։ Պարահանդեսային և սպորտային պարերը տղաների մոտ կերտում են ջենտլմենի կերպարը, իսկ աղջիկներին դարձնում լեդի։ Այն հատուկ գեղեցիկ բառ է՝ ընտրված հենց լատինամերիկյան պարուհիների համար։ Աղջիկների՝ կանացի, իսկ տղաների՝ բարեկիրթ լինելը հրամայական է քաղաքակիրթ աշխարհում, և ես շատ կուզեմ, որ Հայաստանում ներդրվի այս մշակույթը պարերի ուսուցման միջոցով։ Խոսելով պլանների, երազանքների մասին՝ միշտ երազել եմ ունենալ իմ սեփական պարային ստուդիան, որը կլինի շատ ինեսսայական։ Բացելով փակագծերը՝ նշեմ, որ հարցը վերաբերում է ձեռագրին։ Ինչ խոսք, ամեն մասնագետ ունենում է իր ձեռագիրը։ Մասնագիտական դասեր տալուց զատ, ես կշեշտադրեմ նաև հոգեբանական կողմը, որ շատ կարևոր է։ Ես շատ սիրում եմ կրթել և դաստիարակել իմ սաներին՝ որպես մարդ։

Շատերը կփաստեն, որ մեր դասապրոցեսները անցնում են շատ ժամանակ նաև միայն լավ մարդ լինելու գաղափարի շուրջ զրույցներով, հետո միայն՝ լավ մասնագետի։ Ես կարծում եմ, որ ամեն լավ մարդ կարող է լինել լավ մասնագետ յուրաքանչյուր ասպարեզում։ Իսկ վատ մարդիկ չեն կարող լինել լավ մասնագետներ որևէ ոլորտում։ Մի քիչ էլ շատ սուբյեկտիվ կարծիք է, բայց ես ձգտում եմ հասնել դրան, որպեսզի նաև այդ ուղղությամբ ձեռքբերումներ ունենանք։ Երբ, օրինակ, ես դասը սկսում եմ, սաներիս հայացքներից, շնչառությունից, միանշանակ կարող եմ հասկանալ՝ ինչ է կատարվում այդ երեխայի ներսում։ Այս ինեսայական մոտեցումն եմ ուզում կիրառել իմ ստուդիայում՝ բնավ չնսեմացնելով մասնագիտական հատվածը, որը ևս կարևոր բաղադրիչ է։

— Ինչպիսի՞ն է Ինեսսա Բադալյանի իրական կերպարը կյանքում և պարարվեստում։ Խոսենք Ձեր հոգեկան ներդաշնակության մասին։

-Շատ հաճելի հարց է իրականում ինձ համար եւ երևի այսպես ձեւակերպեմ։ Իրական կյանքում Ինեսսայի իմիջը շատ չի տարբերվում բեմական Ինեսայից, որովհետև ես շատ սիրում եմ պարզ լինել, թե՛ մարդկային հարաբերություններում, թե՛ իմ գործում։ Այդ անկեղծությունն է, որ գրավում է հանդիսատեսին։ Ես անկեղծորեն ու անսահման սիրում եմ իմ աշխատանքը։ Դա իսկապես երջանկություն է, երբ դու զբաղվում ես քո սիրելի աշխատանքով։ Երջանկության չափանիշ է այն հանգամանքը, երբ քո էությամբ տրվում ես աշխատանքին՝ քո մարդկային որակներով հարստացնելով մասնագիտությունդ, քանի որ հանդիսատեսը պարզ, անկեղծ շփում է ակնկալում բեմից և ստանում այն։