Search
Close this search box.

Եթե ՄԱԿ, ԵԱՀԿ և մյուս հարթակներում չեք խոսում այս ամենից, ի՞նչ արժեք ունի Երևանում ձեր կցկտուր խոսացածը. Լեւոն Քոչարյան

Եթե ՄԱԿ, ԵԱՀԿ և մյուս միջազգային հարթակներում չեք խոսում այս ամենից, ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:

«Արարատ Միրզոյանն ելույթ է ունեցել Երևանում անցակցվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումում՝ նշելով, որ նախորդ տարի ցեղասպանություն է իրագործվել(նկատի ունենալով Ադրբեջանի հարձակումը Արցախի Հանրապետության վրա)։ Մի քանի օր առաջ նույն Արարատ Միրզոյանը խոսել է Մալթայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որտեղ ոչ մի հիշատակում չի արել նախորդ տարի Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունից, էթնիկ զտումից, Արցախցիների հետ վերադարձի արդարացի պահանջից, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների, Հայաստանի առջև դրվող ոչ արդարացի պահանջների և այլնի մասին: Մեր արտաքին գերատեսչությունը պետք է օր ու գիշեր խոսեր այս ամենից, բոլոր առիթները մաքսիմալ օգտագործեր: Սա անելն առավել կարևոր է տարածաշրջանում իրական և հարատև խաղաղության հասնելու համար: Եթե ՄԱԿ, ԵԱՀԿ և մյուս միջազգային հարթակներում չեք խոսում այս ամենից, ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը»,- գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումին ունեցած ելույթում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոսել էր նախորդ տարի Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից եւ ցեղասպանությունից՝ նշելով. «Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին»։