Search
Close this search box.

Եթե իրենց թիմակցին են այդպես անում մյուսներին վախեցնելու համար, պատկերացրեք, թե մեր հետևում ինչեր են արվում. Քոչարյան

Իհարկե, մենք մտահոգություններ ունենք. վերջիվերջո ես ինքս անցնում եմ մի գործով, որտեղ ոստիկանները ինձ խոշտանգել են, բայց ինձ են մեղադրում դրա մեջ, այսինքն մենք այդ ամեն ինչը մեր կաշվի վրա զգում ենք, շատ լավ գիտենք իրենց ապօրինությունների աստիճանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցածին հետո մտահոգություններ չունեն, որ կարող են քրքրել ցանկացած մեկի հեռախոսի պարունակությունը:

«Եթե իրենց թիմակից փորձում են այդպիսի մի օրինակ ստանալ, նաև մյուսներին վախեցնելու համար, դե պատկերացրեք, թե մեր հետևում ինչեր են արվում: Ես ու շատ ընդդիմադիր գործիչներ 1-1,5 տրի առաջ Apple-ից ստացել ենք պաշտոնական նամակ, որ մեր հեռախոսը ինչ-որ պահի ջարդվել է: Հիմա, թե ով է կանգնած դրա հետևում, կարծում եմ՝ դժվար չէ հասկանալ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Հովիկ Աղազարյանին մեղադրում են ընդհուպ մինչեւ խաղաղության գործընթացը տապալելու մեջ, Լևոն Քոչարյանն ասաց. «Ծիծաղելի է այդ ամենը ու անհեթեթ է թվում։ Իհարկե, ես չգիտեմ մանրամասները, թե ինչի մասին են իրենք խոսում ու թե ինչի պիտի ինչ-որ մեկի հեռախոսի պարունակությունը հայտնվի ԱԺ նախագահի մոտ։ Սա կոնկրետ քրեական օրենսգրքով առերեւույթ հանցագործություն է, որի հետ կապված կարծում եմ՝ պետք է վարույթ սկսվի, բայց բնականաբար դա չի լինելու»:

Նա նկատեց, որ երբ վարչապետը հայտարարում է, որ հասնելու են նրան, որ Հովիկ Աղազարյանը վայր դնի մանդատը, դրանով նա ուղղորդում է իրավապահներին:

«Փաստ է, և ես համոզմունք ունեմ, որ այս ամենը չէր լինի, եթե Հովիկ Աղազարյանը համաձայնվեր ու հեշտ դուրս գար, գնար»,-ասաց նա:

Հարցին՝ իրենք աշխատանք տանո՞ւմ են Հովիկ Աղազարյանին իրենց շարքերն ընդգրկելու համար, Քոճարյանն արձագանքեց. ««Չէ, չէ, բացարձակ նման բան չկա, իհարկե չէ, ինչպես կարող է նման բան լինել»: