Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ հարցազրույցի ընթացքում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով, որ նման գործընթացներն օրենքով կարող են իրականացվել միայն հատուցման եղանակով։
«Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու», – ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանում երբևէ՝ անգամ ամենասուր քաղաքական հայտարարությունների պարագայում, հարց չի դրվել այն մասին, որ փոխհատուցում չի տրամադրվի․ «Որևէ անգամ, անգամ քաղաքական սուր հայտարարությունների պարագայում խոսք չի գնացել այն մասին, որ հատուցում չի տրվելու»։