Հայաստանն ունի ինքնապաշտպանվելու ունակություն, պետք չէ թերագնահատել նրա պաշտպանական կարողությունները։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք նախընտրում ենք, որ հարցերը լուծվեն դիվանագիտական ճանապարհով և դեմ ենք տարածաշրջանային խնդիրների լուծման համար ուժի կիրառմանը։ Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի տարածաշրջանում լարվածություն չառաջանա։ Ուժի կիրառմամբ ճանապարհներ բացելու հնարավոր փորձերը բացատրություն չունեն։ Մենք պետք է ամեն ինչ անենք ռազմական բախումներից խուսափելու համար։ Մենք կօգտագործենք մեր հարաբերություններն Ադրբեջանի և այլ երկրների հետ՝ նման սցենարը կանխելու համար»,- հավելել է նա։
Դեսպանը կարծում է, որ սահմանազատման գործընթացը կարևոր քայլ է խաղաղության հասնելու համար։
«Դա հիմնված է Ալմա-Աթայի հռչակագրի և միջազգային օրենքների վրա: Եթե այս գործընթացն իրականացվի միջազգային նորմերի ոգով, դա կնպաստի խաղաղության և կայունության ապահովմանը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հստակեցման գործընթացը չի կարող ազդեցություն ունենալ Հայաստանի և Իրանի սահմանի վրա»,- նշել է Սոբհանին։