Search
Close this search box.

«Եթե էսկալացիոն ռիսկեր լինեն, կանոնակարգը դադարելո՞ւ է գործել»․ Սերգեյ Բագրատյանը՝ Մհեր Գրիգորյանին

«Սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների գործունեության կանոնակարգը սահմանում է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսով»,- ԱԺ-ում հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Բոլոր հարցերը պետք է պարզաբանվեն, արձանագրվեն, որից հետո կողմերը պատրաստ կլինեն որոշում կայացնելուն: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգի հաստատման դեպքում ու հանձնաժողովների համատեղ գործունեության ընթացքում ցանկացած ռազմական գործողություն կլինի դելեգիտիմ»,- ասաց Գրիգորյանը։

ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե եթե կանոնակարգի իրականացման ընթացքում էսկալացիոն ռիսկեր լինեն, կանոնակարգը դադարելո՞ւ է գործել, Գրիգորյանը պատասխանեց․ «Կանոնակարգի հիմնական գործառույթն այն է, որ վեճերը լուծվեն ոչ թե ուժային գործիքակազմով, այլ այն հարթակում, որը կստեղծվի կանոնակարգի հաստատման պարագայում:

Իմ կարծիքով՝ այդ դեպքում շատ տարօրինակ կլինի, որ այս կամ այն վիճելի խնդիրը կողմերը լուծեն ռազմական ճանապարհով: Եթե կա աշխատող ձևաչափ և այդ ձևաչափի մեխանիզմի առկայության պարագայում տեղի է ունենում ռազմական գործողություն, դա բացատրություն չի ունենալու: Ավելին ասեմ՝ լինելու է դելեգիտիմ: Մենք համարել ենք, որ այս խնդիրը պետք է լուծել երկկողմ բանակցությունների միջոցով՝ առանց որևէ միջնորդի»,- նշեց Մհեր Գրիգորյանը։