Search
Close this search box.

Եթե COP29-ին մասնակցող պատվիրակների կողմից անտեսվի ԼՂ հակամարտությունը, Ալիևին հզոր հարթակ կտրվի՝ ամբողջ Հայաստանը զավթելու. Օկամպո

Please enter a valid URL

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն երկրորդ բաց նամակն է հղել աշխարհասփյուռ հայերին: Նամակում Օկամպոն, մասնավորապես, գրել է, որ եթե Բաքվի կողմից պահվող հայերն ազատ չարձակվեն և COP29-ին մասնակցող պատվիրակների կողմից անտեսվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, նախագահ Ալիևին կտրվի հզոր հարթակ՝ ամբողջ Հայաստանը զավթելու, իր աշխարհաքաղաքական նկրտումները բարձրացնելու համար:

«Երեք խնդիրներ փոխկապակցված են. Հայաստանը շարունակում է մնալ վտանգի տակ, քանի դեռ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, հստակություն չկա, թե ինչպես կարող է 2023 թվականի ցեղասպանության զոհ դարձած Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադառնալ իր նախնիների հողը, իսկ 23 հայ պատանդներ դեռևս Բաքվի բանտերում են։ Ադրբեջանը Բաքվում 2024 թվականի նոյեմբերին հյուրընկալում է COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ «COP հանուն խաղաղության» անվան տակ։ Եթե հայերը չազատվեն, և COP29-ին մասնակցող պատվիրակների կողմից անտեսվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, նախագահ Ալիևին կտրվի հզոր հարթակ՝ ողջ Հայաստանը զավթելու, իր աշխարհաքաղաքական նկրտումները բարձրացնելու համար»,- նշել է նա:

Ըստ Օկամպոյի՝ նման սցենարը ոչ միայն կժխտի Լեռնային Ղարաբաղի ցեղասպանությունը և պատանդներին կդատապարտի երկարամյա բանտարկության, այլև ամբողջ համայնքին կթողնի որպես անցյալի մոռացված մասունք, և դա կմեծացնի վտանգը հենց Հայաստանի համար: Օկամպոն նշել է նաև, որ վերջին ամսվա ընթացքում հազարավոր մարդիկ ավելի քան 30 երկրներից, որոնցից շատերը հայ նախնիներ ունեն, համախմբվել են թվային ֆորումներում և սոցիալական ցանցերում: Ի հավելումն առցանց արշավի՝ բողոքի ցույցեր անցկացվեցին Երևանից մինչև Տորոնտո՝ պահանջելով վերադարձնել Բաքվում բանտարկված հայ պատանդներին։ «Հիմա ժամանակն է ընդլայնելու շարժումը և կապելու այն ամբողջ աշխարհում որոշում կայացնողների հետ: Ալիևի զոհերը միայն հայերը չեն։ Նա ազդում է շրջակա միջավայրի, Ադրբեջանի քաղաքացիների և նույնիսկ եվրոպացի պատգամավորների վրա: Ադրբեջանը, որ հարստացել է հանածո վառելիքով, առաջատար դիրք է գրավում կլիման վատթարացնող գործոններում: Վարչախումբը ոչնչից չի խորշում։ Այն ճնշում է լրագրողներին, ակադեմիկոսներին, իր սահմաններում ցանկացած այլախոհի։ Ընդամենը մի քանի օր առաջ այն արգելեց 26 երկրների 76 եվրոպացի պատգամավորների մուտքն Ադրբեջան՝ իր կոռուպցիան բացահայտելու համար։ Բուենոս Այրեսի ավագ դպրոցներ կատարած իմ վերջին այցելության ժամանակ ես հանդիպեցի դեռահասների, ովքեր հասկացան, որ նման գործողությունները խաթարում են իրենց ապագան և ցանկանում են սկսել TikTok արշավներ՝ հասնելու իրենց հասակակիցներին ամբողջ աշխարհում»,- գրել է Օկամպոն։

Նրա խոսքով՝ հաջորդ քայլը կլինի COP29-ի պատվիրակներից պահանջել բարձրաձայնել այս հարցերը, այդ թվում՝ Ալիևի՝ հանածո էներգիայի եկամուտներն օրինականացնելու, Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության, Եվրոպայի և ԱՄՆ-ի քաղաքական համակարգերը կոռումպացնելու, քաղբանտարկյալների ու Բաքվի հայ պատանդների վերաբերյալ։ Օկամպոն եզրափակել է. «Հայե՛ր, եկեք պաշտպանենք Հայաստանը և առաջնորդենք աշխարհը դեպի իսկապես խաղաղ COP29»: