Եթե չվճարեք․․․ ինչով է վախեցնում Ավինյանը

Քաղաքացիների որոշ քանակ շարունակում է չվճարել ուղևորափոխադրման համար։ Քանակը մեծ չէ, այն քանակը չէ, որի մասին խոսում էր ընդդիմությունը, բայց տարբեր դրդապատճառներով՝ մարդ կա, իրապես համարում է, որ թանկացումն արդարացված չէ, իրավունք ունի բոյկոտելու, մարդ կա՝ ուղղակիորեն առիթից օգտվում է, և դա էականորեն վնասում է քաղաքային բյուջեին։ Տեղի են ունենում տարատեսակ միջադեպեր ավտոբուսների ներսում, երբ վարորդները հրաժարվում են վարել, քանի որ իրենց պայմանագրով նախատեսված է՝ պետք է հետևեն, որ վճարումները կատարվեն: Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական խորհդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Կարելի է անընդհատ առիթից օգտվել, ընդդիմության ստեղծած նարատիվներով առաջնորդվել, այդ դիրքավորման մեջ մտնել և անտեսել վճարման պահանջը, ուզում եմ՝ բոլորը գիտակցեն՝ այս չվճարումով իրենք ստեղծում են որոշակի խնդիրներ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, տրանսպորտի եկամուտների հավաքագրման առումով։ Այս տարի պլանավորում էինք 45 տրոլեյբուսներ գնել, դա արդեն կարող է հարցականի տակ լինել, ուզում եմ՝ բոլորը գիտակցեն՝ բոլոր մարդիկ, որ այսօր մտնում են ավտոբուս և չեն վճարում, իրենք աջակցում են, որ այս տարի 45 տրոլեյբուսներ չգնվեն։ Առաջարկում եմ անցնել կոնկրետ համապատասխան միջոցների կիրառմանը, որ այդ արդարացումներով առաջնորդվող մարդիկ չկարողանան դրանցով առաջնորդվել»,- ասել է նա: