«Ասել, որ այսօրվա գործող Սահմանադրությունն այդ աստիճան վատն է՝ ոչ։ Ուզում եք՝ հոյակապ Սահմանադրություն գրեք, Նիկոլ Փաշինյանը միևնույն է խախտելու է այն։ Քանի՞ դրույթ է խախտել մինչև այսօր»,- Ազգային ժողովում կազմակերպված՝ միահեծան իշխանության բացառման վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը։
Նա համաձայնել է քննարկմանը ներկա բանախոսների հետ, որ անհրաժեշտ է համախմբվել մեկ հարցի շուրջ՝ «չարիքից ազատվելու» նպատակով։ Գալստյանը նաև սարսափելի կանխատեսում է արել՝ նշելով, որ եթե չհաջողվի համախմբվել, Հայաստանին կարող է սպասվել Արցախի ճակատագիրը։
Գալստյանի խոսքով՝ ինքը ճանաչում է Փաշինյանին և վստահ է, որ վերջինս գիտակցում է իր գործողությունները։ «Նա գիտի, որ եթե ինքը չլինի իշխանության և հայտնվի մի սուբյեկտ, որը իրեն պատասխանատվության կենթարկի, իր համար դա շատ տխուր ավարտ կունենա։ Այդ պատճառով նրա վարած քաղաքականությունն ուղղված է մեկ բանի՝ եթե ինքը չլինի, ապա ՀՀ-ն որպես սուբյեկտ չլինի։ Բայց քանի որ հասկանում է, որ ինքը հավերժ չէ, ես առնվազն մեկ տարվա ընթացքում նման սցենարի հավանականություն եմ տեսնում՝ ինչ եղավ Արցախի հետ։ Կլինի 4-5 ամիս բլոկադա, մարդկանց սովի կմատնեն, հետո ճանապարհ ցույց կտան ու կասեն՝ գնացեք»,- նշել է նա։
Նա հիշեցրել է նաև, թե ինչպիսին է եղել Հայաստանի պետական կառավարման համակարգը տարբեր ժամանակներում։
Գալստյանը ընդգծել է, որ խնդիրը ոչ թե ձևաչափն է, այլ այն, թե ով է իրականում պաշտպանելու համակարգը։ «Ես լիովին համաձայն եմ, որ եթե կարողանանք ստեղծել մեկ միասնական ճակատ՝ գաղափարական ընդհանրությամբ, առանց որևէ նախապայմանների, ապա ի վիճակի ենք ազատվել այս իրավիճակից։ Բոլորս հասկանում ենք, որ ինչ-որ բան այնպես չէ և պատրաստ ենք համախմբվել՝ դրա դեմն առնելու համար»,- ասել է նա։
Անդրադառնալով նախորդ բանախոսների ասածին՝ Գալստյանը նշել է. «Տիկին Կարապետյանը ճիշտ է ասում, երբ ասում է՝ «մերժիր Սերժին» ասեցինք, մի քայլ արեցինք, բայց երկրորդ քայլը չգիտեինք։ Եկեք անկեղծ լինենք՝ Հանրապետության հրապարակում 300 հազար մարդ չի հավաքվում։ Իմ տվյալներով՝ այնտեղ հավաքվում է մոտ 80 հազար մարդ։ Եթե չլիներ մեծ աշխարհաքաղաքական գործոնը, այդ 80 հազարը չէր կարող հարց լուծել։ 2008 թվականին մոտ 150 հազար մարդ էր հավաքված»։
Նրա կարծիքով՝ առաջնահերթը պետք է լինի անվտանգությունը․ «Ճիշտ կլինի, եթե այսօր կարողանանք համախմբվել և ազատվել այս իրավիճակից, հետո նոր կկարողանանք փոխել Սահմանադրությունը, նշանակել վարչապետ կամ նախագահ։ Այս պահին չեմ ուզում մտնել այդ դաշտ, որովհետև կխոսենք աբստրակտ բաներից։ Այսօր վտանգի տակ է ՀՀ-ն, մեր տները, մեր նախնիների գերեզմանները»։
Գալստյանը եզրափակել է՝ նշելով, որ սահմանադրական փոփոխությունները կարևոր են, սակայն պետք է հաջորդեն հիմնական խնդրի լուծմանը․ «Եթե կարողանանք փրկել այս իրավիճակը, նոր կանցնենք մյուս հարցերին։ Այո, Սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ կան բազմաթիվ դրույթներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»։





