Եթե չեք ուզում ձեր ավտոտնակը քանդենք, մի դիմեք օրինականացման համար: Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ապօրինի ավտոտնակների հետ կապված՝ սիրելի երևանցիներ, խնդրում ենք, մի դիմեք ապօրինի ավտոտնակների օրինականացման համար, որովհետև Երևանի քաղաքապետարանին որևէ այլ հնարավորություն չի մնում, քան քանդել դրանք:
Իրավական կարգավորումները այնպիսին են, որ մենք հիմնականում դրանք օրինակացնելու հնարավորություն չենք ունենում, քանի-որ այդ ավտոտնակները գտնվում են ընդհանուր օգտագործման անօտարելի հողերի վրա: Ու քանի-որ չենք կարողանում, Կառավարության համապատասխան որոշումը պարտադրում է մեզ դրանք քանդել:
Հորդորում ենք ու խնդրում, մի ստիպեք մեզ անընդհատ այս պրոցեսով անցնել, սա մեր կամքից անկախ է, մի դիմեք դրա օրինականացման համար, նամանավանդ, եթե դա գտնվում է ընդհանուր օգտագործման հողի վրա: Նույնիսկ եթե դիմել եք, հետ վերցրեք ձեր դիմումը»,- նշել է նա:





