Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սե՞ր, թե՞ բանան. Հայաստանի դիլեման:
Հարկադիրն իր պատմության ընթացքում ունեցել է երկու «հանճարեղ» ղեկավար` պարոն Սիրոն և «բանանի» Միհրանը:
Նրանցից առաջինը` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն այսօր է ղեկավարում, երկրորդը` քաղաքական (ոմանց կարծիքով` քրեական) հալածյալ է և հետախուզման մեջ է:
«Բանանի» Միհրանը Հայաստան բանան էր ներմուծում, միաժամանակ` ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողն էր: Վերջինիս պաշտոնավարման ընթացքում, Հարկադիրում միգուցե կոռուպցիոն ռիսկեր կամ շահերի բախումներ են նկատվել, սակայն իրավական քաոս չի եղել:
Պարոն Սիրոն բանան ներմուծող չէ: Եվ, ընդհանրապես, վերջինս ոչինչ ոչ տանում է, ոչ բերում: Առաջին հայացքից առաքինաբարո է, սակայն իր ղեկավարած կառույցում իրավական և բարոյական քաոս է տիրում: Վերջինիս աշխատողներն, օրենքների չիմացության արդյունքում, իրարամերժ իրավական ակտեր են կայացնում, բանսարկություններով զբաղվում, համացանցում առևտրային տարածքներ գովազդում, քաղաքացիների զայրույթը զսպելու նպատակով ծանոթ-բարեկամ միջնորդ փնտրում: Մի խոսքով, իրական քաոս:
Փաստորեն, մի կողմից` բանան, ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր և շահերի բախում, մյուս կողմից` ենթադրյալ սեր և իրական քաոս: Ընդ որում, յուրաքանչյուր քաոսի ժամանակ աներկբա ի հայտ են գալիս ենթադրյալ կոռուպցիոն ռիսկերն ու շահերի բախումը: Այդ դեպքում, ավելի լավ չէ՞ բանանը:
Եզրակացություն. եթե ցանկանում եք զերծ մնալ քաոսից, ապա ընտրեք բանանը: Եվ թքած, թե Հայաստանը «բանանային հանրապետություն» չի դառնա:
Մեկ տարբերակ էլ կա` գտնել այնպիսի Գլխավոր հարկադիր կատարող, որը քաղաքացիներին սիրի այնպես, ինչպես քաղաքացիները սիրում են բանանը: Այդ դեպքում, կունենանք իդեալական … «բանանային հանրապետություն»»: