Եթե այլ կառույցներում ևս նույն պարբերականությամբ ստուգումներ լինեն, ինչպես Երևանի քաղաքապետարանում է, կոռուպցիոն թեմաների պակաս չի լինի․ Կոստանյան

Ցանկացած կոռուպցիոն դրսևորում իր արժանի պատասխանը պետք է ունենա, և կապ չունի, թե որ պաշտոնյայի կողմից է արվում. ասուլիսին հայտարարեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի որոշ պաշտոնյաների ձերբակալություններին ու կալանավորումներին։

Միաժամանակ, նա նշեց, որ քաղաքապետարանը որոշ անհանգստություններ ունի. «Երևանի քաղաքապետարանն իր բոլոր աշխատակիցների ենթադրյալ մեղքերի մեջ որոշակի խնդիրներ է տեսնում»։

Խոսելով կոնկրետ օրինակներով՝ նշեց, որ մի դեպքում մարդը կալանավորվում է ենթադրյալ միջնորդություն իրականացնելու համար, մեկ այլ դեպքում պաշտոնյան ձերբակալվում է նման միջնորդությունը մերժելու համար։

Կոստանյանը նշեց, թե դեպքեր կան, որ իրենք համակարծիք են որոշ պաշտոնյաների դեմ իրականացվող իրավական գործընթացի հետ, բայց որոշ դեպքում դրանք քաղաքապետարանի համար խնդրահարույց են։

Հայկ Կոստանյանը նկատեց, որ եթե այլ կառույցներում ևս նույն պարբերականությամբ ստուգումներ լինեն, ինչպես Երևանի քաղաքապետարանում է՝ կոռուպցիոն թեմաներով նյութերի պակաս չի լինի։

«Շատերի համար տպավորություն է ստեղծվում, որ շաբաթը մեկ Երևանի քաղաքապետարանում ձերբակալություններ են լինում, ներկա և նախկին տարբեր պաշտոնյաներ են ձերբակալվում, բայց ՀՀ-ում կան շատ տարբեր կառույցներ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն այն պարբերականությամբ, որ վերջին շրջանում եղել են Երևանի քաղաքապետարանում, եթե լինեն այլ կառույցներում, չեմ կարծում՝ դուք նոր վերնագրեր գրելու նյութեր չեք ունենա։ Ուրախ կլինենք, որ այն օպերատիվ հետախուզական միջոցառումները, որոնք ինտենսիվորեն Երևանի քաղաքապետարանի շուրջ են տեղի ունենում, տեսնենք նաև այլ կառույցներում»,-ասաց նա։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։