Փեզեշքիանը զգուշացրել է Թեհրանի հնարավոր տարհանման մասին, եթե երկարատև երաշտի պատճառով առաջացած ջրային ճգնաժամը ավելի վատանա։
Փեզեշքիանն այս հայտարարությունն արել է երկրի արևմուտքում գտնվող Սանանդաջ քաղաք կատարած աշխատանքային այցի ժամանակ, հաղորդում է Anadolu-ն:
«Իրանը բախվում է բնական մարտահրավերների, ինչպիսիք են տեղումների պակասը և ջրային ռեսուրսների սպառումը, որոնք հղի են լուրջ հետևանքներով։ Եթե մոտ ապագայում անձրև չգա, մենք ստիպված կլինենք Թեհրանում ջրի խիստ սահմանափակումներ սահմանել հաջորդ ամսվանից սկսած։ Իսկ եթե ընդհանրապես անձրև չգա, պաշարները կսպառվեն, և մենք ստիպված կլինենք տարհանել քաղաքը», — հայտարարել է Իրանի նախագահը։
Թեհրանը ջրով մատակարարվում է հինգ խոշոր ջրամբարներից՝ Լարից, Մամլուից, Էմիր Քեբիրից, Թալիկանից և Լաթիանից, որոնցից ամենամեծը Էմիր Քեբիրի ամբարտակն է։
Վերջին հինգ տարիների ընթացքում երկրում տեղումների կայուն նվազում է նկատվել։ Օդերևութաբանական տվյալների համաձայն՝ այս տարի Թեհրանում տեղումների քանակը 40%-ով պակաս է եղել, քան սեզոնային միջին ցուցանիշը։ Գարնանը և ամռանը անձրևների գրեթե լիակատար բացակայությունը հանգեցրել է ջրամբարների ջրի մակարդակի աղետալի նվազմանը։




