Եթե 25% աղքատ խավի համար տրանսպորտի մատչելի գինը 50 դրամ է, ուրեմն պետք է լինի 50 դրամ. Տալինում անվճար է. Քոչարյան

Ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ քաղաքապետարանի ղեկավարության բացատրությունը տրանսպորտի թանկացման հետ կապված: Ես չեմ հասկանում՝ ինչ են ուզում։ Իսկ քեզ ո՞վ է խանգարում որակյալ ծառայություն մատուցես էժան գներով։ Մի հատ ինձ կարող է մեկը այսպես ողջամիտ, ռացիոնալ բառապաշարով սա բացատրել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացմանը:

«Ասում են 250 ավտոբուս պիտի առնենք, դրա համար այսքան գումար է պետք, տրանսպորտը պետք ինքնածախս լինի: Այսինքն ասում են՝ այսքան ներդրում պիտի արվի, այս ներդրումը մենք պետք է իջեցնենք մինչև քաղաքացին: Իսկ ո՞վ ասաց, թե քաղաքային տրանսպորտը պետք է ինքնածախս լինի: Դա բիզնես չի: Աշխարհում ոչ մի տեղ քաղաքային տրանսպորտը չի դիտվում բիզնես:

Ես ասեմ՝ ես ոնց կանեի. Այսօր երկրում պաշտոնական թվերով 25%-ը աղքատ է համարվում։ Հիմա դու պետք է այդ աղքատների եկամուտը գնահատես և պետք է հաշվես, թե ինչ գինն է քաղաքային տրանսպորտի մատչելի այդ մարդկանց համար։ Ոչ թե՝ ինչ գին պիտի դնեմ, որ լավ ծառայություն մատուցեմ։ Լավ ծառայություն մատուցելը քո պարտականությունն է։

Ի՞նչ գինն է մատչելի քաղաքացու համար։ Այստեղից պետք է սկսես պարել։ Եթե այդ 25%-ի համար մատչելի գինը 50 դրամ է, ուրեմն պետք լինի 50 դրամ, եթե 100 դրամ է, ուրեմն պետք լինի 100 դրամ: Մնացած գումարը դու պետք է սուբսիդավորես, սա է լուծումը:

Եթե քաղաքային տրանսպորտը լավ է աշխատում, քաղաքում բոլոր բիզնեսներն են սկսում լավ աշխատել և դու այդ եկամուտը ուրիշ տեղից ես ստանալու։ Սա է միայն ճիշտ մեթոդաբանությունը»,-ասաց նա:

Քոչարյանը նկատեց, որ այս կառավարությունը պետական պարտքն ավելացրել է 7 միլիարդ դոլարով, տարեկան մեկ միլիարդ. «Այն թիվը, որը հնչեցնում է քաղաքապետը, 250 ավտոբուս, սա մոտավորապես 40-50 միլիոն դոլար է առավելագույնը: 50 միլիոն դոլարը մեկ միլիարդի մեջ քանի տոկոսն է անում՝ 5%-ը: Հիմա ձեր հավաքած պարտքերի տարվա 5%-ը դրեք քաղաքի տրանսպորտի վիճակը բարելավեք, ոչ թե վերցրեք, բյուջե մտցրեք պարգևավճարերով ծախսեք կամ ԱՆԻՖ հիմնադրամով միայն 25 միլիարդ դրամ, 60 միլիոն դոլար մսխեք։ ԱՆԻՖ հիմնադրամով մսխած փողը լրիվ բավարար էր քաղաքի տրանսպորտի հարցը լավագույն ձևով լուծելու համար»,- ընդգծեց երկրորդ նախագահը:

Նա նկատեց, որ օրինակ, Տալինում քաղաքային տրանսպորտը անվճար է, Լյուքսեմբուրգում ևս անվճար է. «Իրենք եկել են այն եզրակացության, որ դրանից ավելի է շահում քաղաքը, քան կորցնում է։ Հիմա դուք կարող եք ինձ հարց տալ՝ լավ, դուք նախագահ էիք, ինչու դա չարեցիք։ Ես 1998 թվականին եմ դառել Հայաստանի նախագահ, 1998 թվականին Երևանում եղել է երեք լուսավորված փողոց ընդհանրապես, ճանապարհները քարուքանդ եղած էին, Պրոշյան փողոցի վրա մեկ ռեստորան էր, մնացածը փողոցի վրա խորոված էին անում, իսկ քաղաքի փողոցներում բենզինը կանիստրով էին ծախում: Ընդամենը երեք թե չորս բենզակայան կար: Այսինքն հրատապության հարցերը այնքան շատ էին, որ ուղղակի պետք էր այդ հարցերը արագ լուծել և լուծում էինք:

Նույնիսկ այն ժամանակ այդպիսի թանկացումներ չի եղել, և գնահատումը քաղաքային տրանսպորտի եղել է միակը՝ ո՞րն է մատչելի գինը անապահով խավերի համար։ Ով փող ունի, տաքսիով է գնում կամ սեփական մեքենայով է շարժում։ Բայց քաղաքային տրանսպորտը ապահովում է ամբողջ քաղաքի բիզնեսների աշխատանքը»,- ընդգծեց Քոչարյանը: