«Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից». Վարդան Ղուկասյան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հրապարակել է կալանավայրում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմում-բողոքը. «ՀՀ գլխավոր դատախազին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
ՀՀ-ուն հավատարմագրված դեսպաններին
Բողոք
2025 թվականի հոկտեմբերի 21-ից, երբ օրվա իշխանությունը իրականացրեց իր հանցավոր երազանքը` շինծու մեղադրանքներով, ինձ զրկել ազատությունից, ես զրկված եմ նաեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական և հիմնարար իրավունքից, որը երաշխավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 41-րդ հոդվածով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով։ Իմ հիմնարար իրավունքի սահմանափակումը կիրառվում է առանց որևէ օրինական և հիմնավորված պատճառի, կամայական կերպով՝ խախտելով իմ իրավունքը այն իրականացնելու ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով, և ինձ զրկելով մյուս հավատացյալների հետ միասին ժամերգություններին և միասնական աղոթքներին մասնակցելու հնարավորությունից։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իմ հոգեւոր ծնողն է, որին ես իմ պարտքը տվել եւ տալիս եմ եկեղեցիներ կառուցելով, հոգեւոր գրքերի` հազարավոր տպաքանակով տպագրությամբ, Հայաստանի բոլոր եկեղեցիներին ընծաներ նվիրաբերելով։
Որպես Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ, ով տարվա 250 օրը անցկացնում է ծոմի եւ պահքի մեջ, որի համար մեր եկեղեցում հաղորդություն ստանալը, Խաչն ու Ավետարանը համբուրելը ծեսի սովորական մաս չէ, այլ Սուրբ Երրորդության, Լուսավորչի եկեղեցու ծառայի պարտականություն, նպատակային կերպով զրկված եմ մասնակցելու գեթ մեկ կիրակնօրյա պատարագներին։
Օրվա իշխանությունների կամակատար իրավապահները, զնդանների պահապանները բանտարկել են նաեւ հավատքը` արգելելով ինձ իրացնել իմ իրավունքը։
Քրիստոսադավ ժողորդավարներն արգելել են ինձ անգամ խունկի հոտն առնել բանտախցում, չեն ստեղծել պայմաններ միայնակ և բարձրաձայն աղոթելու համար: Արգելել են հպվել իմ Մոր` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատերին։
Հուդայասիրտ ղեկավարներն ինչ աստիճանի են վախեցած մեզ նման ազատամիտ, ազգին նվիրված մարդկանցից, որ արգելում են անգամ բանտից եկեղեցի գնալու մեր սահմանադրական իրավունքը։
Դիմում եմ ժողովրդավար Եվրոպայի երկրների` Հայաստանում աշխատող
դեսպաններին.
դուք շնչում եք իմ երկրի խնկաբույր օդը, խմում հայրենիքիս մաքուր ջուրը, ձեզանից ոմանք քրիստոնեական հավատքի կրողներ են եւ խոնարհվում են Խաչի ու Ավետարանի առջեւ, եթե որեւէ իշխանավոր փորձի բանտարկել ձեր հավատքը Քրիստոսի, Խաչի, Սուրբ Երրորդության վկայությունների նկատմամբ եւ դա անի կրոնական ազատությունների ապահովման կեղծ հայտարարությունների ներքո, այդ երկրի ղեկավարի նկատմամբ ո°րն է լինելու ձեր վերաբերմունքը։
Ինչպես ասում է Հովհաննես Վարդապետ Երզնկացին. «Որովհետեւ, ով հայոց եկեղեցի, քո ուղղափառ հավատի լույսը չնվազեց, բարի ցորենիդ սերմին որոմ չխառնվեց, օտար ուսման աղտոտ ջուրը քո ավանդության հստակ աղբյուրը չպղտորեց, հերձվածության քացախը չհունցվեց քո կենդանության հացին», վստահ եմ` առաջիկայում կկարողանամ իրացնել իմ իրավունքը` մասնակցել սուրբ պատարագներին և միասնական աղոթքներին»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։