Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մամուլից է տեղեկացել, որ ՔՊ-ականները ստորագրահավաք են անցկացնում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«Ես լավ եմ գնահատում նրա աշխատանքը, որևէ դժգոհություն չունեմ: Ձեզ համար գուցե տարօրինակ է, բայց մեզ մոտ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, արժեքների առումով խոսքի, կարծիքի ազատություն է, մարդիկ կարող են արտահայտվել, դժգոհ լինել այդ թվում նաև ինձնից, իմ գործընկերներից, դա շատ նորմալ բան է»,- ասաց նա:
Հարցին՝ ՔՊ նիստին դժգոհել են Մինասյանի կադրային քաղաքականությունից, թիմում խի՞ստ են դատում նրա կադրային քաղաքականությունը, Պապոյանն արձագանքեց. «Հարգելի՛ գործընկերներ, տարբեր քննարկումներ լինում են, անձի, նախարարության վերաբերյալ չի եղել: Մենք միշտ ինքնաքնադատությամբ ենք հանդես գալիս, եթե ասում ենք՝ այս ինչ բանն ավելի լավ անենք, ինձ թվում է՝ դա ուժեղացնում է մեզ, ոչ թե թուլացնում է: Դա որևէ անձի կամ օղակի դեմ չէ, դա կառավարության գործունեության բարելավմանն է ուղղված»:
Իսկ արդյոք պետք է շարունակի պաշտոնավարել Գրիգոր Մինասյանը, Պապոյանն ասաց, որ այդպիսի որոշումներ կայացնում է ՀՀ վարչապետը, և որ ինքը ճիշտ չի համարում հիմա դրա մասին խոսել: