«Ուզում եմ սկսել հանձնաժողովում հնչած մի տեսակետից՝ կապված իմ մազերի գույնի հետ, որը շատ լավ օգտագործեց Թագուհի Թովմասյանը: Ես կյաժ չեմ, սպիտակ եմ. դա անցած ուղի է: Տիկի՛ն Թովմասյան, դուք իմ սև մազերն էլ եք տեսել, ալեխառն էլ, սպիտակն էլ եք տեսնում»,- ԱԺ ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը: «Հիմա հարցի քննարկման մասին. վերջին հաշվով դուք ի՞նչ եք հասկացել իմ ասածից: Եթե կրկնել եմ հայտնի հոգևորականի բառերը, որը շատ ավելի կոշտ է ասել՝ բերանդ լվա ու մեկնաբանել է, ի՞նչ է մեկնաբանել: Ես էլ եմ մեկնաբանել ֆեյսբուքյան գրառմամբ՝ «Թող ձեզ հաճելի լինեն բերանիս խոսքերը». խոսքի մաքրության մասին է, տիկի՛ն Թովմասյան»,- հավելել է նա՝ անդրադառնալով լրագրողի մասնակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպին:
Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Հիմնական զեկուցողը Թագուհի Թովմասյանն է: «Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ցուցաբերել է ակնհայտ անհարգալից վերաբերմունք»,- ասել է Թովմասյանը: