Hraparak.am-ը գրում է․ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին սկանդալի մեջ է հայտնվել։ Ֆեդերացիայի անվտանգության ղեկավար Նորայր Ավետիսյանը, ով նաեւ «Տոռ» պահնորդական ծառայության ղեկավարներից է, խաղադաշտ մտած անչափահաս երկրպագուի նկատմամբ բռնություն է գործադրել՝ ապտակելով դեմքին։ Միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել։ Մենք փորձեցինք պարզել, թե ով է սույն բռնարարը։ «Հրապարակ»-ը պարզեց, որ սույն անձը տարիներ առաջ աշխատել է ոստիկանությունում, քրեական ոստիկանության օպեր է եղել, սակայն կարճ ժամանակ անց սկանդալով հեռացվել է համակարգից՝ հենց մարդ ծեծելու համար։ Նորայր Ավետիսյանի հեռացումը ձեւակերպվել է «սեփական դիմումի համաձայն», քանի որ հայրն էլ է եղել ոստիկանության աշխատակից։ Հայրը՝ Աշոտ Ավետիսյանը, այդ ժամանակ եղել է ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի ղեկավարը, իսկ այժմ Դինամոյում բռնցքամարտի մարզիչ է։
Ինչպես է «Տոռ» պահնորդական ծառայությունը պետական պահպանությանը տենդերը շահել։ Լավատեղյակ աղբյուրը մեզ պատմեց, որ Նորայր Ավետիսյանը ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի ընկերն է, եւ նրա միջոցով նման «չալաղաջ» պայմանագիր է «կպցրել» ֆեդերացիայից։ ՀՖՖ-ն շուրջ 90 միլիոնի պայմանագիր է կնքել այս ընկերության հետ։ Երկրպագուներին ծեծելու առումով ոստիկանության կարմիր բերետավորներն ու «Տոռ»-ի աշխատակիցների վարքագիծը, ըստ էության, ոչնչով չի տարբերում։ Առհասարակ կարծես ավանդույթ է դարձել՝ երկրպագուներին ծեծելը, ինչը չի եղել նախկինում։
Հիշեցնենք, որ 2015թ․ հունիսի 13-ին Երեւանում անցկացված Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ քաղաքական ակցիա անելով խաղադաշտ էր ներխուժել Շահեն Հարությունյանը՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին, ով, «Ազատություն Շանթ Հարությունյանին եւ բոլոր քաղբանտարկյալներին» անգլերեն գրությամբ պաստառ ուներ ձեռքին։ Նա իր հետեւից մի լավ վազեցրեց ոստիկաններին, հետո բռնվեց ու մեկ ժամով հայտնվեց ոստիկանական բաժանմունքում։ Ակցիան որեւէ կապ չուներ ֆուտբոլի հետ, սակայն որեւէ մեկը նրա նկատմամբ բռնություն չգործադրեց, հանգիստ հեռացրեցին խաղադաշտից։
ՆԳՆ ոստիկաններն անգամ բերման չենթարկեցին Նորայր Ավետիսյանին, ով տեսախցիկների առջեւ հարվածում էր անչափահաս երկրպագուին։ Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնեցին, թե դեպքի առթիվ Քննչական կոմիտե հաղորդում է ներկայացվել։