ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում սպանված 3 տարեկան Տիգրան Օվանեսովի քույրն ու եղբայրներն անխնամ վիճակում են տեղափոխվել «Հայ օգնության ֆոնդ» հիմնադրամ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Միրա Անտոնյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը հրատապ նիստ է հրավիրել, և որոշվել է Օվանեսովների ընտանիքի երեխաներին անհապաղ տեղափոխել ՀՕՖ։
«Երեխաների անխնամ վիճակն ակնհայտ էր, դրա համար էլ նրանց բերել են մեզ մոտ։ Բռնության հետքեր մենք չենք գրանցել։ Հիմա նոր պայմաններում նրանք փորձում են ադապտանալ։ Նրանցից ամենամեծը 12 տարեկան է, իսկ ամենափոքրը՝ 5»,- ասաց ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավարը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե փոքրիկները որքան ժամանակ դեռ կմնան ՀՕՖ-ում, Անտոնյանը պատասխանեց՝ հստակ ժամկետ չի կարող լինել. կախված է հետագա զարգացումներից։ Նա ընդգծեց՝ երեխաները շատ լուրջ սթրեսի են ենթարկվել՝ եղբոր մահը, այդքան մարդկանց գալ-գնալը, հարցաքննությունը, տեղափոխումը։
«Նույնիսկ եթե ընտանիքում մինչ այս դեպքը որևէ բան տեղի ունեցած չլինի, վերջին օրերի կատարվածը մեծ սթրես և վնասող գործոններ են երեխաների համար։ Շատ դժվար է կանխատեսել, թե որքան կտևի նրանց վերականգնումը, դա կախված է նրանցից, թե տրավմայի ազդեցությունը որքան խորն է եղել կամ արդյոք երեխաները ենթարկվել են ինչ-որ տրավմայի, թե ոչ։ Եթե երեխաներից մեկը հանցագործության ականատես է եղել, ապա ավելի երկար ընթացք կպահանջվի նրա վերականգնման համար»,- ընդգծեց Անտոնյանը։
Նա նշեց, որ ՀՕՖ-ում ցանկացած երեխայի տեղափոխվելուց հետո կարևորում են ապահով միջավայրի ստեղծումն ու անվտանգության զգացում փոխանցելը։
Սկզբում փոքրիկներին շրջապատում են հանգիստ, ջերմ մթնոլորտով, լրացուցիչ հարցեր չեն տալիս, նրանք առօրյա զբաղմունքներ են ունենում։ Երբ երեխաները պատրաստ են լինում ինչ-որ բանի մասին խոսել, այդ ժամանակ արդեն նեղ մասնագիտական աշխատանքներն են սկսվում։




