«Առավոտ»-ը գրում է. «Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի ահասարսուռ սպանության դեպքից հետո Փառանձեմ Վաթյանի կյանքը գլխիվայր շուռ եկավ: Որդու՝ Տիգրանի հենց հուղարկավորության օրը Փառանձեմը «զրկվեց» միանգամից 5 երեխայից: Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը հրատապ նիստով որոշեց նրա 4 երեխաներին ուղարկել Հայ օգնության ֆոնդի «երեխաների պաշտպանության կենտրոն»:
«Ամուսնուն կալանավորեցին, երեխաներին տեղափոխեցին երեխաների աջակցման կենտրոն, ընտանիքում մնաց մենակ: Ծնողներն են որոշել որոշակի ժամանակով իրենց մոտ տանել Փառանձեմին, մինչև դուրս գա սթրեսից: Փառանձեմի հոգեբանական վիճակը կայունանա, ասում է՝ գնալու եմ տուն, երեխաներիս հետ բերեմ ինձ մոտ»,- պատմում է Վարդենիս համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ Մարինե Մնացականյանը:
Ըստ նրա՝ Վարդենիս համայնքի սոցիալական աշխատողներ են հաճախակի այցելում Փառանձեմին, նրա հետ աշխատում է հոգեբանը. «Այսօր երրորդ այցն եմ կատարել, արդեն փոփոխություն եմ տեսնում Փառանձեմի մոտ: Էն առաջին օրվա պես ինքն իր մեջ փակված չէ, խոսում է»:
Փառանձեմ Վաթյանը պատմեց, որ ինքն է անձամբ ահազանգել իրավապահներին որդու կորելու դեպքով: Այդպես սկսվել են որոնողական աշխատանքները: 7 օր շարունակ տևած որոնողական աշխատանքներից հետո նոյեմբերի 2-ի կեսօրին ոստիկանները երեխայի դին ճանաչելու համար իր հետևից տուն են եկել, տարել դեպքի վայր. «Կոշիկները իրենից հեռու էին ընկած, աչքերը բաց էր, ինքն ամբողջությամբ հողի ու փոշու մեջ կորած, դեմքին՝ վնասվածքներ: Այնպես չէր, որ անճանաչելի էր, ճանաչեցի»: Տիգրանի հետ է եղել նաև նրանից մի քիչ մեծ եղբայրը, որ բացարձակ չի խոսում, բայց ժեստերով է ցույց տվել կատարվածը: Նա պատմեց, որ չեն հասկացել՝ ինչ է պատմում երեխան, հոգեբան են ներգրավել, որ հասկանա: Մայրը չհերքեց՝ Տիգրանի հետ եղած որդին ձեռքը կոկորդին է տարել: Փառանձեմ Վաթյանի խոսքով, այդ որդու դեմքի վրա էլ են վնասվածքներ եղել. «Երեսը տեղ-տեղ վառված էր, դեմքին սիգարետի հանգցնելու հետքեր են եղել»: Փառանձեմ Վաթյանը չի հավատում կատարվածին, առավել ևս, որ ամուսինը նման բան արած լինի: Տիգրանի դին ճանաչելուց հետո, պատմում է, որ ամուսնուն այլևս այդպես էլ չի տեսել, որ հարցնի ինչ-որ բան: Ահասարսուռ դեպքի պատճառը ինքն իր մեջ էլ Փառանձեմը դեռ փորձում է գտնել, բայց որևէ պատճառ չի տեսնում. «Ամուսինս երբևէ բռնության չի ենթարկել ո՛չ ինձ, ո՛չ երեխաներիս: Հոգատար հայր էր: Ինձ անընդհատ հարց եմ տալիս՝ ինչու ու չեմ հավատում, թե ինչու պետք է նման բան աներ»: ՆԳ նախարարը դեպքից հետո նախաքննական գաղտնիք էր հրապարակել սպանության դեպքով, թե կալանավորված տղամարդը հայտնել է սպանության դրդապատճառը՝ փոքրիկ Տիգրանը իր երեխան չէր: Փառանձեմը չի հավատում նույնիսկ այդ խոստովանությանը. «Այդ երեխան մերն էր ու մեր մեջ նմանատիպ խոսակցություն երբեք չի եղել, նման կասկածներ ամուսնուս մեջ երբեք չեն եղել: Այդ տեղեկությունը չգիտեմ՝ որտեղից է դուրս եկել: 5 երեխաներիս հայրն էլ ամուսինս է»»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:




