23-ամյա չեչենուհի Այշատ Բայմուրադովան, որը փախել էր ընտանեկան բռնությունից և ապաստան էր գտել Հայաստանում, սպանվել է Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում։
Ռուսական «Մեդուզա» կայքն անդրադարձել է սպանությանը՝ գրելով, որ Այշատը Հայաստան էր տեղափոխվել՝ փորձելով ազատվել հարազատների հսկողությունից։ Նա Երևանում զբաղվում էր տներ մաքրելով՝ ապրուստի միջոց վաստակելու համար։ Իրավապաշտպանների խոսքով՝ բազմաթիվ կանայք Հյուսիսային Կովկասի հանրապետություններից գալիս են Երևան նույն պատճառով՝ փրկվելով ընտանիքի կամ համայնքի ճնշումներից։
Նշվում է, որ Բայմուրադովան վարում էր բաց ինստագրամյան էջ, որտեղ ստանում էր սպառնալիքներ թե՛ ռուսերեն, թե՛ չեչեներեն։ Նրան մեղադրում էին «ավանդույթները խախտելու» մեջ՝ հիշեցնելով նախկինում սպանված կանանց ճակատագրերը։
Իրավապաշտպան Լիդիա Միխալչենկոն կայքի հետ զրույցում նշել է, որ Այշատը, ամենայն հավանականությամբ, խեղդամահ է արվել, իսկ սպանությունը ցուցադրական բնույթ է կրել՝ որպես նախազգուշացում այն կանանց, որոնք փորձում են փախչել Հյուսիսային Կովկասից։ Նրա խոսքով՝ հանցագործները, հնարավոր է, վերադարձել են Ռուսաստան։
Միխալչենկոն ընդգծել է, որ նման իրավիճակներում գտնվող աղջիկները պետք է խստորեն պահպանեն տեղեկատվական անվտանգության կանոնները՝ փակ պահեն սոցիալական ցանցերի հաշիվները և սահմանափակեն շփումները։