Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի կին հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է ու սպառնում է ցած նետվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ՀԱԲ հեթապահ հոգեբանը:
Ահազանգով ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Փրկարար հոգեբանը, պարեկները, բժիշկներն ու 2 քաղաքացի մոտ 1 ժամ բանակցություններ են վարել կամրջի վտանգավոր եզրագծում կանգնած 20-ամյա Ս. Մ.-ի հետ, որպեսզի նա հրաժարվի այդ մտքից ու չդիմի ծայրահեղ քայլի:
Ի վերջո փրկարար-հոգեբանին ու պարեկներին հաջողվել է համոզել այդ կնոջը, ում այնուհետև դուրս են բերել անվտանգ վայր, տեղափոխել շտապօգնութան ավտոմեքենան, որտեղ բժիշկները օգնություն են ցուցաբերել, ապա նրան տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը:
Դեպքի փաստով ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Կայքի տեղեկություններով՝ կինը փորձում էր ինքնասպան լինել, քանի որ, ըստ իր հայտնածի, օրեր առաջ երեխա է ունեցել ու նորածինը մահացած է ծնվել, ինչից հետո, գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, փորձել է այսօր իր կյանքին վերջ տալ: