Այսօր՝ նոյմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական ոստիկանության վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով ըստ հիվանդանոցի հայտնած տեղեկությունների, մահացել է կրակոցից:Նրա մարմնի վրա առկա է եղել կրակոցի 1 հետք:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում, որը Նազարբեկյան 15/6 հասցեն է, հայտնաբերլ են արնանման հետք և կրակված 1 գնդակ: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը վերջերս է Ֆրանսիայից ժամանել Հայաստան: