Երևանն ինձ ցնցեց. այնքան ջերմություն… Ինչպե՞ս էր ստացվել, որ ես երբեք այստեղ չէի եղել. Զեմֆիրայի հուզիչ գրառումը

Երևանն ինձ ցնցեց. այնքան ջերմություն… ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է երգչուհի, երգահան Զեմֆիրան, որի երևանյան առաջին մենահամերգը տեղի ունեցավ հուլիսի 4-ին՝ «Հրազդան» մարզադաշտում։

«Երևանն ինձ ցնցեց. այնքան ջերմություն… Երեք օր շարունակ՝ բոլորից, ամեն տեղից։ Զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օր շարունակ մտքումս մի հարց էր պտտվում, թե ինչպե՞ս է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել։ Իմ տարիքում նման հայտնագործություններ անելն անգին է։ Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում։

Իսկ համերգը… նման էր մեծ հավաքի։ Անհավատալի պատմություններ աղջկա մասին, ով Նոր Զելանդիայից էր եկել, մեկ ուրիշը՝ Ճապոնիայից, բայց ասում էր, որ հաճախ է թռչում, և, իհարկե, Մոսկվա/Պետերբուրգ/Ուֆա, իսկ ֆան գոտին ամբողջ կազմով ներկա էր։ Եվ մարդիկ անցյալից, ովքեր հանկարծ հայտնվեցին տարիներ անց ու արթնացրին հիշողություններ և մոռացված զգացումներ։

Գուցե, համերգը կարող էր ավելի լավը լինել։ Հաճախ եմ այդպես մտածում, սակայն այստեղ խոսքը նոտաների ու հնչյունների մասին չէր, խոսքը երկար սպասված լավ հանդիպման մասին էր, երբ հետո հիշում ես ու մտածում՝ դա հրաշալի էր»,-գրել է նա։

Զեմֆիրան ընդգծել է, թե հիշողության մեջ համերգից ինչ է մտապահել՝ մարզադաշտի առջևի տները, որոնք, ասես, փայլել են թվացյալ այրվող պատուհաններով, յուրօրինակ տեսարանը։

«Վերջին երգն իմպրովիզացիա էր։ Միշտ սիրել եմ իմպրովիզացիաներ, բայց ավելի ու ավելի հազվադեպ եմ դիմում դրան։ Այս անգամ ​​ստացվեց»,-նշել է նա։

Անդրադառնալով համերգի ընթացքում բեմ բարձրացած փոքրիկ տղային՝ երգչուհին շեշտել է, որ Գագիկը երեկոյի անվիճելի հերոսն է՝ քաջ և զգայուն, ինչը Հայաստանի էությունն է։

«Շատերն ասում ու գրում են՝ «հրաշալի համերգ էր», բայց դուք էիք, որ այդպիսին դարձրեցիք այն՝ հավաքվելով մեկ վայրում, բաց երկնքի տակ, կիսելով միմյանց հետ ձեր էմոցիաները։ Կարծում եմ՝ հենց այդ գիտակցումն է ցնցում, որ դուք շատ եք, ու այդ երկու ժամում շուրջդ գտնվող բոլոր մարդիկ քո ընկերներն են։

Շնորհակալություն, Երևա՛ն, այս համերգի համար։ Շնորհակալություն բոլորիդ՝ իմ նկատմամբ այդքան բարի վերաբերմունքի համար։ Վստահ եմ, որ ցանկացած արտիստ իր լսարանին լավագույնն է համարում, բայց, կարծես թե, իմ լսարանն է լավագույնը։ Համերգի հաջորդ օրն իմ առջև բացվեց Արարատ լեռը։ Այն տեսանելի էր ամբողջությամբ։ Ասում են, որ ամռանը նման բան հազվադեպ է պատահում։ Ինչպե՞ս էր ստացվել, որ ես երբեք այստեղ չէի եղել»,-գրել է Զեմֆիրան։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։