Երևանի Շենգավիթի թաղապետարանում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Ազատությանը» հայտնել են Քննչական կոմիտեից:
Շենգավիթ վարչական շրջանի բակային մաքրուհի Աիդա Մխիթարյանը հայտարարել էր, որ փետրվարին թաղապետարանում կոմունալ բաժնի ղեկավարն ու ենթակաները հայհոյել են իրեն, ծեծել ու քաշքշելով դուրս հանել շենքից:
ՔԿ-ից մանրամասնել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով):
Աիդա Մխիթարյանն «Ազատությանը» պատմել էր՝ աշխատավարձը վճարելու պահանջով տեսախցիկը միացրած էր մտել թաղապետարան, որ հետո ապացույցներ ունենար:
Արդեն նախկին հավաքարար Աիդան պնդել էր՝ կոմունալ բաժնի պետի ու իր հարաբերությունները լարվել են, երբ Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա է արել ու պահանջել, որ իրենց մուտքի տանիքը նորոգեն: Դրանից հետո, ըստ 44-ամյա կնոջ, աշխատած օրերը չեն լրացրել, հանիրավի մեղադրել են, թե լավ չի աշխատում, աշխատավարձն իջեցրել են, հետո գործից ազատել:
Վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանն «Ազատության» հետ զրույցում հերքել էր, թե իր ենթակաները հավաքարարին ծեծի են ենթարկել:
«Ես չեմ խրախուսում էդ արարքը, մենք բավականին շատ նաև զրուցել ենք մեր աշխատակիցների հետ», — ասել էր Գաբրիելյանը՝ վստահեցնելով, որ նկատողություն՝ բանավոր, արվել է:





