Երևանի հետ կապի մեջ ենք, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի հարցով. Կրեմլ

Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հարցով: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք կապի մեջ ենք Հայաստանի գործընկերների հետ… Եվ քանի որ Կարապետյանը նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ապա համապատասխան շփումներն իրականացվում են», — լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կարապետյանի գործով Մոսկվան արդյոք կապ ունի Երևանի հետ:

Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:

Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։

Ավելի ուշ ՔԿ-ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ում է։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։