Կողմերից յուրաքանչյուրը պետք է գոհանա իր սահմաններով և աչք չունենա մյուսի տարածքի կամ հողի վրա, Բաքու պաշտոնական այցի նախօրեին ադրբեջանական AzTv պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Կոնֆլիկտը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է իր վերահսկողության տակ դնել մյուսների տարածքները կամ սահմանները։ Հետևաբար այն, ինչին մենք միշտ օժանդակել ենք և հավատացած ենք, որ պետք է շարժվենք այդ ուղղությամբ, հարգանքն է պետությունների իրավունքների, շահերի և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Այս սկզբունքը պետք է հարգվի»,- ասել է Փեզեշքիանն ի պատասխան հարցին, թե ինչպիսի քաղաքականություն է նախատեսում տարածաշրջանային անվտանգության ապահովման համար Իրանի ղեկավարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության հասնելու բարդ գործընթացի համատեքստում։
Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խնդրին, Իրանի նախագահը կրկին շեշտել է՝ պետք է հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը և աչք չունենալ միմյանց տարածքների վրա։
Հավելել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային և տարածքային խնդիրները կարող են վերանալ միայն այն ժամանակ, երբ երկու երկրների քաղաքական և առևտրային հարաբերությունները կարգավորվեն՝ հաշվի առնելով երկու կողմերի իրավունքները։
«Այս խնդրի լուծմանն օժանդակելու համար մենք այժմ աշխատում ենք պատրաստել Իրանի ճանապարհը, որպեսզի Ադրբեջանի մեր սիրելի եղբայրներն ու քույրերը կարողանան Իրանի տարածքով հասնել Նախիջևան։ Այդ ուղղությամբ ճանապարհաշինական և երկաթուղային աշխատանքները ընթանում են արագ տեմպերով»,-ասել է Մասուդ Փեզեշքիանը։