Search
Close this search box.

Երևանի արձագանքը տարակուսելի է. Զախարովան՝ Կիսիլյովի հաղորդման պատճառով ՀՀ-ի բողոքի նոտայի մասին

Զանգեզուրի միջանցքի մասին ռուսական հեռուստաեթերում հնչած լրագրողի արտահայտություններին Հայաստանի չափազանց զգացմունքային բացասական արձագանքը «տարակուսանք է առաջացնում», քանի որ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը Երևանին քաջ հայտնի է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Անկեղծ ասած, այս արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ խոսքը լրագրողի արտահայտությունների մասին է», — ասել է նա:

Զախարովան նշել է․ «Մենք միշտ Երևանից լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, և առավել ևս Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա դարձրել է իր հրամայականը: Դա նախ, և երկրորդ՝ մեր պաշտոնական դիրքորոշումը ոչ թե տեսակետ է, այլ պետության պաշտոնական դիրքորոշում, որը լավ հայտնի է Երևանին»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի ԱԳՆ։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպնին ԱԳՆ կանչելու և բողոքի հայտագիր ներկայացնելուն, հայտնել է, որ «Ռոսիա 1» հեռուստաալիքով հաղորդավար Դմիտրի Կիսելյովի կողմից որոշակի հայտարարություններ են հնչեցվել, մասնավորապես արհեստական գեներացված անընդունելի թեզեր, խոսույթներ են շրջանառության մեջ դրվել, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ են։

Նա նշել էր, որ Կիսելյովի հաղորդման հեռարձակումը կարող է մեր երկրում արգելափակվել։ Կիսելյովը անդրադարձել է իր հաղորդումը ՀՀ-ում արգելելուն։