Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների խմբում է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստ» ոմն Դիլարա Էֆենդիևան։
Fip.am-ը գրում է, որ Էֆենդիևան «Փաստերի ստուգման հարթակի» ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռ 2022-ի դեկտեմբերին, երբ ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիսները» արգելափակել էին այն ժամանակ ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը։
Էֆենդիևան անձամբ է որպես «էկոակտիվիստ» մասնակցել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակմանը։
Այդ օրերին ԼՂՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ:
Մինչդեռ, Էֆենդիևան 2022 թվականի դեկտեմբերին հրաապարակված տեսանյութում պնդում էր, թե իբր իրենք պատրաստ են միջանցք տալ՝ արցախցիների պատշաճ բուժօգնության համար։
«Ես՝ որպես այս ակցիայի կազմակերպիչներից մեկը, ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք միջանցք տրամադրել շտապօգնության մեքենայի և բժշկական օգնության համար»,- ասել էր Էֆենդիևան։
Երևանում հոկտեմբերի 21-22-ին Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների, փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում։
Նրանց երեկ ընդունել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
2022-ի դեկտեմբերի 12-ին Արցախի դեմ սկսած Ադրբեջանի շրջափակումը հանգեցրեց հումանիտար աղետի, իսկ 2023-ի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական հարձակումից հետո Արցախի ամբողջ հայ բնակչությունը վտարվեց իրենց պապերի հայրենիքից։