Էրդողանը Փաշինյանին կասի. «Զանգեզուրի հարցում այլևս մի դիմադրիր». Ակոս

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթերթի կայքում հրապարակվել է թերթի խմբագիր Էդվարդ Տանձիկյանի «Փաշինյանի այցը և սպասելիքներ» վերնագրով հոդված։ Հոդվածում անդրադարձ է կատարվել սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարելիք այցին:

Տանձիկյանը հոդվածում պատմական ակնարկ է անում  հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, հիշատակելով  մի շարք ՀՀ ղեկավարների այցը Թուրքիա, մասնավորապես   ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցը Ստամբուլ: Սակայն ըստ Տանձիկյանի՝ ՀՀ առաջին նախագահի այցը, այդքան էլ ճիշտ չէ անվանել «այց Թուրքիա», քանի որ նա այցելել էր Ստամբուլ Սևծովյան տնտեսական համագործակցության  (ՍԾՏՀ)  նիստին մասնակցելու նպատակով:

Այնուհետև հեղինակը հիշատակում է «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակաշրջանը, ինչպես նաև այդ ժամանակվա  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  ու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի փոխադարձ այցերը:

Անդրադառնալով ներկա իրավիճակին, հոդվածագիրը նշել է, որ Փաշինյանը Թուրքիայի  հետ վերջին անգամ Նյու Յորքում հանդիպել է 2024 թվականի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի հանդիպումների շրջանակում և դա կարելի է համարել ամենաընդգրկուն հանդիպումը։

«Սակայն այդ հանդիպումը կայացել է ԱՄՆ-ում։ Ուստի, ուրբաթ օրվա այցն առաջին դեպքն է, երբ ՀՀ ղեկավարը գալիս է Թուրքիա: (չհաշված Փաշինյանի՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելը)» ,-գրել է նա:

Ըստ Տանձիկյանի՝ կայանալիք հանդիպումը «պաշտոնական չէ, աշխատանքային է»:

Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:

«Դիտարկենք իրավիճակը Հայաստանի տեսանկյունից.

1. Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, բայց մինչ Հայաստանը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ սահմանային անցակետերի արդիականացում, ամիսներ շարունակ թուրքական կողմից որևէ գործողություն չի նկատվում։

2. Թուրքիան ասում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կօգնի կարգավորման գործընթացի առաջընթացին։ Այսինքն՝ Թուրքիան իրականում նախապայման է առաջադրում՝ չնայած «առանց նախապայմանների» հայտարարություններին։

3. Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, Բաքուն նույնպես այդ մասին հայտարարություններ է արել, սակայն Ալիևի վարչակազմը լրացուցիչ պարտադրող պայմաններ է առաջադրում։ Ինչպես օրինակ՝ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը…

4. Այս ընթացքում Թուրքիան ու Ադրբեջանը մի հարցում համառ են։ Միջանցք, որը կկապի Նախիջևանն ու Ադրբեջանը և կանցնի Հայաստանի  տարածքով, բայց չի գտնվի Հայաստանի  վերահսկողության տակ։ Անկարան և Բաքուն սա անվանում են «Զենգեզուրի միջանցք»:

5. Հայաստանը բնականաբար դեմ է մի միջանցքի, որն անցնելու է իր տարածքով, բայց չի լինելու նրա վերահսկողության տակ։ Հայաստանը մշակել է ճանապարհների բացման ավելի ընդգրկուն ծրագիր և այն անվանում է «Խաղաղության խաչմերուկ»:

6. Այս միջանցքին նաև դեմ էր Իրանը և դա կարևոր երաշխիք էր Հայաստանի համար։ Իրանը հասկանում էր, որ եթե այս միջանցքը բացվի Թուրքիայի և Ադրբեջանի ուզած ձևով, ապա իր սահմանը Հայաստանի հետ կփակվի, և ասում էր․ «Մենք չենք ցանկանում փոփոխություն մեր սահմանում»։

7. Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները բավականին սառն են։ Դրան բնականաբար ազդում են Ադրբեջանի և Իսրայելի միջև տնտեսական և ռազմական հարաբերությունները։ Բացի այդ, Իրանում նաև կարևոր թվով ադրբեջանցի բնակչություն կա։

8. Հայաստանը, բնականաբար, տեսնում է, որ տարածաշրջանում իր ամենակարևոր դաշնակիցը բարդ իրավիճակում է հայտնվել Իրանի վրա Իսրայելի համակողմանի հարձակման հետ կապված։

9. Դա, իհարկե, տեսնում են նաև Անկարան և Բաքուն։

10. Այս ողջ իրավիճակում, երբ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ երբեմն քողարկված, երբեմն էլ բացահայտ սպառնալիքները շարունակվում են, Հայաստանը իրեն ավելի անապահով է զգում։ Մանավանդ որ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ առավելագույնս սառեցված են։

Այս հավասարության պայմաններում՝ Փաշինյան–Էրդողան հանդիպումը ի՞նչ երանգով կարող է անցնել։ Հնարավոր է՝ Էրդողանը Փաշինյանին ասի. 

«Զանգեզուրի հարցում այլևս մի դիմադրիր, մի  լուծում գտնենք»։ Մենք պարտավոր ենք այդ հնարավորությունը հաշվի առնել։

Երկրորդ հավանականությունն այն է, որ մինչ տարածաշրջանը վերածվել է կրակի, կարելի է հիմք փնտրել, որը հաշվի կառնի Հայաստանի առաջարկներն ու մոտեցումները հարաբերությունների կարգավորման և զարգացման համար»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։