Աշխարհում միայն երկու առաջնորդ է մնացել՝ ես և Պուտինը, Գազիանթեփում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Hyurriyet-ը։
Թուրքիայի նախագահը նշել է նաև այլ առաջնորդների անուններ, որոնք, նրա կարծիքով, որոշել են համաշխարհային քաղաքականությունը։
Ըստ Էրդողանի, այդպիսի առաջնորդներից մեկը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն էր, որից հետո «Գերմանիայում քաղաքականությունն ավարտվեց»։
«Գերմանիայում ինձ դուր եկած առաջնորդը Շրյոդերն է: Նրա սերը մեր հանդեպ բոլորովին այլ էր։ Օրինակ՝ Ռամադանի ժամանակ Շրյոդերը գարեջուր չխմեց այն սեղանի շուրջ, որտեղ ես նստած էի։
Նա ժամանակ առ ժամանակ գալիս է Թուրքիա։ Շրյոդերը գերմանական քաղաքականության մեջ այլ տեղ ունի։ Հուսով եմ, որ Թուրքիայում կգտնվեն Շրյոդերի նման քաղաքական գործիչներ»,- ասել է Էրդողանը։