Ես բազմիցս ասել եմ, որ այդ մանրամասների շուրջ պայմանավորվածություն չունենք, մենք ունենք սկզբունքներ և մենք մեզ հարց պետք է տանք՝ ուզո՞ւմ ենք, որ մեր զենքը և զորքն անցնի Նախիջևանով: Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ «Թրամփի ուղով» Ադրբեջանը զենք, զինամթերք կարողանալո՞ւ է տեղափոխել Նախիջևան, զորք անցնելո՞ւ է, թե՝ ոչ:
«Մեր իրականության մեջ կա այդ պրոբլեմը, մենք, ընդհանրապես, խոսում ենք ուրիշների մասին, չենք խոսում մեր մասին: Երբ մենք որոշենք, որ ուզում ենք Նախիջևանի տարածքով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տանենք, նման թեմայով բանակցություններ կբացենք: Եթե մենք որոշենք, որ չենք ուզում Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք զենք տանել երկաթուղով և հետ բերել, կորդեգրենք համապատասխան բանաձև և այդպես շարունակ»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ցանկացած հարց, որը կվերաբերի տարածքային կոմունիկացիաների բացմանը և «Թրամփի ուղուն» պետք է դիտարկել 5 սկզբունքների շրջանակում:
«Սկզբունքը նրա համար է, որ չասենք՝ իսկ անձրևի դեպքում ի՞նչ է լինելու, կարկուտի դեպքում ի՞նչ է լինելու, երաշտի, քամու դեպքում ի՞նչ է լինելու, իսկ նոր տարվա գիշերն այնտեղ ի՞նչ է լինելու, զատիկից կամ նովրուզից հետո ի՞նչ է լինելու: Դրա համար մենք ունենք 5 սկզբունք, որոնց տրամաբանության մեջ է տեղավորվելու ամեն բան»,- ասաց նա: